Վերադառնալ
14.09.2023

Կրթահամալիրի ներկայացուցիչը Եվրոպոլում

Կրթահամալիրի ներկայացուցիչը Եվրոպոլում

       Սեպտեմբերի 5-ին և 7-ին Հաագայում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP ծրագրի 3-րդ բաղադրիչի (Տարածաշրջանային սպառնալիքների գնահատում և հատուկ աջակցություն) շրջանակում իրականացվող աշխատանքներին։ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։

    Մասնակիցները համատեղ աշխատել են նախանշված հանցավորության ութ ուղղություններից երկուսի՝ մարդկանց թրաֆիքինգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ տեքստի նախագծի մշակման վրա։ Նշված ուղղություններով՝ երկրների կողմից ներկայացված վերլուծությունները համադրվել և սինթեզվել են՝ դուրս բերելով հիմնական եզրահանգումները։ Դրանք վերաբերում են տարածաշրջանում հանցագործությունների հետագա շարժընթացի միտումներին, հանցագործության կատարման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությանը, հանցագործների գործելաոճին, հանցագործությունների կատարման վրա տեխնոլոգիաների ազդեցությանը, միջազգային հանցավոր խմբերին, այլ հանցագործությունների հետ փոխկապակցվածությանը և իրավապահ մարմինների արձագանքին։

    Սեպտեմբերի 6-ին 3-րդ բաղադրիչի պատասխանատուները մասնակցել են Եվրոպական քրեական վերլուծության համաժողովի առաջին օրվա աշխատանքներին, որի ընթացքում ելույթներով հանդես են  եկել Եվրոպոլի, Նիդերլանդների ազգային ոստիկանության, Նիդերլանդների ոստիկանական ակադեմիայի, Ֆրանսիայի ժանդարմերիայի ներկայացուցիչները։ Դրանք վերաբերում էին ոստիկանական գործունեության մեջ, մասնավորապես՝ օպերատիվ աշխատանքում նորարարական տեխնոլոգիաների և լուծումների դերին, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին և բացասական կողմերին, ոստիկանական օպերացիաների ընթացքում նորարարական քրեական վերլուծությունների և տվյալների պաշտպանության հավասարակշռմանը։

      Հետաքրքրական էր Նիդերլանդների ազգային ոստիկանության նորարարական լաբորատորիայի ներկայացուցիչների ելույթը, որի ընթացքում ներկայացվեցին բոլոր այն նորարարական լուծումները, որոնք 2024թ. հասանելի կլինեն ոստիկանության ծառայողներին։

          Ծախսված ժամանակի և ջանքերի առումով՝ դրանց օգնությամբ վերջիններիս աշխատանքն ավելի արդյունավետ կլինի։