Տաջիկստանի ԹՊԻՀ գրասենյակի ներկայացուցիչների այցը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր
2024 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Տաջիկստանի ԹՊԻՀ գրասենյակի իրավապահ և սահմանային համագործակցության ծրագրերի խորհրդական Մայքլ Կոպերը և իրավապահ ծրագրերի ավագ մասնագետ Սարվատ Անսորին, Հայաստանի ԹՊԻՀ գրասենյակի իրավապահ համագործակցության ծրագրերի խորհրդական Ջոզեֆ Կաֆարելիի և իրավապահ ծրագրերի մասնագետ Մարիցա Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Այցի նպատակն էր ծանոթանալ պարեկային ծառայողների ուսուցման հաջողված փորձին:
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի առաքելությունը, ուսումնական գործընթացի ընդհանուր բնութագիրը, իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը: Մանրամասն ներկայացվեց պարեկային ծառայողների պատրաստման կրթական ծրագրի մշակման նախապատմությունը, ընդունելության կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման ընթացքում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ներդաշնակ ձևավորման մեխանիզմները, մասնագիտական պրակտիկայի և ավարտական ամփոփիչ քննության անցկացման կարգը:
Հյուրերը ծանոթացան կրթահամալիրի նյութատեխնիկական հագեցվածությանը, լսարանային պայմաններին, գործնական պարապմունքների անցկացման համար նախատեսված փորձակայաններին: