ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
27.07.2026

ԱՄՆ DTRA պատվիրակության այցը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր. քննարկվել են սահմանապահ ծառայողների կրթության զարգացման հեռանկարները

ԱՄՆ DTRA պատվիրակության այցը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր. քննարկվել են սահմանապահ ծառայողների կրթության զարգացման հեռանկարները

   Հուլիսի 24-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հյուրընկալվեց ԱՄՆ Պաշտպանության նախարարության Վտանգների նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency – DTRA) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության Եվրոպայի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Ռիչարդ Սպենսերի գլխավորած պատվիրակությունը։

   Պատվիրակությանը ողջունեց Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ով ներկայացրեց Կրթահամալիրի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող կրթական ծրագրերը և զարգացման առաջնահերթությունները։ Ռեկտորն առանձնակի անդրադարձ կատարեց Կրթահամալիրում սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության կազմակերպման նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ ներկայումս իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ։ Մասնավորապես, մշակվում են համապատասխան կրթական չափորոշիչները, ձևավորվում է ուսումնական բազան, ինչպես նաև նախատեսվում է ստեղծել սահմանային վերահսկողության գործընթացների իրական պայմաններին մոտ սիմուլյացիոն ուսումնական միջավայր։

   Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանապահ ծառայողների կարողությունների զարգացմանը, ուսումնական գործընթացում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։

   Կողմերն անդրադարձան սիմուլյացիոն և վիրտուալ ուսուցման համակարգերի, իրավիճակային մոդելավորման լաբորատորիաների, սահմանային վերահսկողության ուսումնական մակետի ստեղծման, էլեկտրոնային ուսուցման հարթակների զարգացման, ինչպես նաև դասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստման ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Քննարկվեց նաև նշված նախաձեռնությունների իրականացման շրջանակներում տեխնիկական և խորհրդատվական աջակցության հնարավորությունը։

   Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում՝ վերահաստատելով կողմերի պատրաստակամությունը զարգացնելու գործնական համագործակցությունը և աջակցելու ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կրթական կարողությունների շարունակական արդիականացմանը։

   Այցի ավարտին պատվիրակության անդամները շրջայց կատարեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում, ծանոթացան ուսումնական և վարչական ենթակառուցվածքներին, կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։