Վերադառնալ
05.10.2022

Կրթահամալիրի ծառայողները Վրաստանի ՆԳՆ ակադեմիայում

Կրթահամալիրի ծառայողները Վրաստանի ՆԳՆ ակադեմիայում

    Սեպտեմբերի 26-ից 29-ը «Տեսական և գործնական գիտելիքների դասավանդման մեթոդիկան և գիտելիքների ու հմտությունների գնահատման համակարգը» թեմայով դասընթացին մասնակցելու նպատակով Վրաստանի ՆԳՆ ակադեմիայում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողները՝ ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Հովհաննիսյանը, ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սահակյանը, ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Աբգար Մարգարյանը,  քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը, ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյանը։

Դասընթացների ընթացքում պատվիրակության անդամները հանդիպեցին Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ղեկավարության հետ՝ ակադեմիայի ռեկտոր, ոստիկանության գնդապետ Իվանե Պապիաշվիլիի գլխավորությամբ, ծանոթացան ուսումնական հաստատության կառուցվածքին և ուսումնական ծրագրերին։

Քննարկվեց հարցերի բավական լայն շրջանակ, մասնավորապես՝ պարեկային ծառայության համար ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման յուրահատկությունները, լրացուցիչ մասնագիտական կրթության ընթացքում դասավանդման, գիտելիքների ու հմտությունների կիրառման առանձնահատկությունները, պրոֆեսիոնալ կրթաձևում դասավանդողների ընտրության, նրանց դերի, գործառույթների և իրավասությանն առնչվող հարցեր, ինչպես նաև պրոֆեսիոնալ կրթաձևի շրջանակներում դասավանդվող առարկաների, մոդուլների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովման հարցեր:

Քննարկումների արդյունքում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ շարունակել վերը նշված հարցերի շուրջ համագործակցությունը: