«Ընթերցանության ռազմավարություն» թեմայով հանդիպում
Փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորողների համար ներկայացվեց զեկույց՝ «Ընթերցանության ռազմավարություն» թեմայով, որին ներկա էին նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Տ.Խաչատրյանը և նշեց, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, որի միջոցով Կրթահամալիրի սովորողներին կներկայացվի առաջատար բուհերում կիրառվող դասավանդման մեթոդիկայի արդյունավետ փորձը։
«Ընթերցանության ռազմավարություն» թեմայի համար բանախոսներն ընտրվել էին ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմից, ովքեր ուսումնասիրել էին օտարերկրյա առաջատար բուհերի փորձը և պատրաստել համապատասխան զեկույց: Զեկույցը կազմված էր երեք փուլից՝ նախընթերցանություն, բուն ընթերցանություն և հետընթերցանություն թեմաներով:
Բանախոսներ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Սմբատյանը և ավագ դասախոս, ոստիկանության մայոր Լ.Սարդարյանը ներկայացրին ընթերցանության ռազմավարության փուլերը։ Ա.Սմբատյանը ներկայացրեց նախընթերցանության և բուն ընթերցանության վերաբերյալ կատարված ուսումնասիրության մասին համառոտ զեկույց և օրինակների հիման վրա ցույց տվեց, թե սովորողներն ինչպես պետք է կարդան մասնագիտական տեքստերը, որպեսզի իրենց գիտելիքների յուրացման գործընթացն ավելի արդյունավետ լինի: Լ.Սարդարյանը ներկայացրեց հետընթերցանության ռազմավարական հնարքները, որի միջոցով սովորողները կարող են կիրառել որոշակի տեխնիկա, որպեսզի կարողանան ստուգել, թե որքանո՞վ են յուրացրել նյութը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Մ.Մուրադյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կրթահամալիրում և նշեց, որ սովորողների համար ներկայացված ընթերցանության ռազմավարության փուլերը կարևոր են այնքանով, որքանով որ կօգնեն նրանց հասկանալ մասնագիտական բարդ տեքստերը որոշակի ոլորտում օրենքի մեկնաբանություններն ու բացերն ուսումնասիրելիս: Մ. Մուրադյանը հավելեց նաև, որ նշված ռազմավարությունն ընթերցանության ժամանակ կիրառելիս ապագա իրավաբանը կարող է նույնիսկ հասկանալ օրենսդրի կողմից իրավական որոշակի ակտում գիտակցված կամ չգիտակցված բացթողումները և այդպիսով ձեռք կբերի իրավաբանին անհրաժեշտ ճկունություն ու հմտություն հետագա մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:
Մ.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և նշեց, որ «Ընթերցանության ռազմավարություն» թեմայով նմանատիպ քննարկում մոտ ապագայում ևս կկազմակերպվի: