Նորություններ
ՎերադառնալՀայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառում՝ ոստիկանության կրթահամալիրում
2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիզոր դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կենտրոնի փոխտնօրեններ Իգոր Կուսովն ու Ացամազ Բիչենովը և այլ աշխատակիցներ:
Այցի նպատակն էր Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև համագործակցության շրջանակներում կրթահամալիրին նվիրաբերել ռուսաց լեզվի դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ կրթահամալիրում ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացման նպատակով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Գեներալ-լեյտենանտ Վարյանն իր երախտագիտությունը հայտնեց պատվիրակության անդամներին նմանօրինակ նախաձեռնության և ռուսաց լեզվի տարածմանն ուղղված ջանքերի համար՝ Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին հանձնելով շնորհակալագիր:
Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը, ով նույնպես կարևորեց նման փոխգործակցությունը, ինչպես նաև նշված կենտրոնի ռուսաց լեզվի բաժնի պետ Նատալյա Երյոմենկոն՝ ներկայացնելով նվիրաբերած գրքերը:
Միջոցառումը եզրափակվեց հյուրերին հուշանվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ: