Նորություններ
ՎերադառնալՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը ոստիկանության կրթահամալիրում
2014 թվականի հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հրավերով ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Հրավերքի գլխավոր նպատակը սահմանադրական բարեփոխումների ներկա փուլում հայեցակարգի հիմնադրույթների վերաբերյալ մասնագիտական պարզաբանումներ լսելն էր: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Արթուր Օսիկյանը նշեց, որ պրոֆեսոր Հարությունյանը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է, և մեծ պատիվ է պարոն Հարությունյանի մեկնաբանությամբ լսել հայեցակարգային առաջնահերթությունները: Գ. Հարությունյանը շեշտեց, որ քննարկման առարկա է ոչ թե ավարտված փաստաթուղթը, այլ հայեցակարգի նախագիծը: Ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում տեղ գտած սահմանադրական զարգացումների հիմնական ուղղությունները՝ շեշտադրում կատարելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացումն ապահովելու, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, կառավարման ձևի, ընտրական իրավունքի և ընտրական համակարգի, ինչպես նաև հայեցակարգային այլ հիմնադրույթների վրա:
Միջոցառման երկրորդ հատվածում կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների կողմից հնչեցվեցին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից բխող հարցեր:
Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանթության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ՀՀ ոստիկանության և կրթահամալիրի անունից շնորհակալություն հայտնեց Գագիկ Հարությունյանին հրավերքն ընդունելու և բովանդակալից ու հետաքրքիր ելույթի համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր