Նորություններ
Վերադառնալ«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեագիտական ասպեկտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
Ս/թ հոկտեմբերի 11-ից 13-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեագիտական ասպեկտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների 11 ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ՀՀ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Այս անգամ միջոցառումն աչքի էր ընկնում մասնակիցների կազմով: Համաժողովին մասնակցում էին նաև Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի պետ, միլիցիայի գեներալ-մայոր Վալերի Նիկոլայի Պոլիշչուկը, ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Վիկտորի Սիմոնենկոն և ՌԴ վաստակավոր իրավաբան Անատոլի Միխայիլի Կուստովը:
Միջոցառման առաջին օրը հանդիպում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Հոկտեմբերի 12-ին Կրթահամալիրի ակումբում կայացավ միջազգային գիտագործնական համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը և ներկաներին հղեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները: Համաժողովը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վալերի Նիկոլայի Պոլիշչուկը պարգևատրվեց «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով, իսկ Ալեքսանդր Վիկտորի Սիմոնենկոն` «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին 18 զեկույցներ, որոնք հետագայում կտպագրվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 2-րդ համարում:
Հոկտեմբերի 13-ին` համաժողովի փակման հանդիսավոր արարողությանը, ամփոփվեցին աշխատանքները, մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով և հուշանվերներով:
Միջոցառման օրերին նախատեսված ծրագրի շրջանակներում հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «Ծիծեռնակաբերդ» անմար կրակի մոտ։ Այնուհետև հյուրերն այցելեցին Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, Սևանա լիճ: