Նորություններ
Վերադառնալ«Թմրանյութերի օրինական շրջանառություն» թեմայով սեմինար ոստիկանության կրթահամալիրում
2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 5-ից 8-ը ոստիկանության կրթահամալիրում անցակցվեց «Թմրանյութերի օրինական շրջանառութուն» թեմայով սեմինարը։ Այդ նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին մասնավորապես՝ Եվրոպական Միության թմրամիջոցների ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի շրջանառության ռազմավարությանը և գործողությունների ծրագրերին, Լեհաստանի թմրամիջոցների հակազդման ազգային ծրագրին, ոլորտը կարգավորող իրավական ակտերին: Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր:
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի աշխատասենյակում կայացավ ամփոփիչ հանդիպումը: Տիգրան Եսայանը շնորհակալություն հայտնեց լեհ գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության ծառայողներին իրենց փորձը հաղորդելու համար՝ նշելով, որ անդրազգային հանցավորության այս տեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խիստ կարևոր է և պետք է իրականացվի փորձի փոխանակման, ժամանակակից մեթոդների ներդրման և մասնագետների վերապատրաստման միջոցով: Լեհական պատվիրակության ղեկավար Վալդեմար Կրավչուկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատեց այս տարվա ընթացքում Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանության կողմից իրականացված զգալի աշխատանքները և հույս հայտնեց, որ նման արդյունավետությամբ աշխատանքները կշարունակվեն նաև 2017 թվականին: