Նորություններ
ՎերադառնալՄիջազգային համագործակցության նոր հորիզոններ
Միջազգային համագործակցության ընդլայնման շրջանակներում սույն թվականի մայիսի 4-ից 6-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի ամենամյա կառավարման խորհրդի 2017թ. նիստին մաասնակցել Է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը` կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ: Այցի նպատակը Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիային (AEPC) ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անդամակցությունն էր: Ասոցիացիայի կազմում են անդամ երկրների թվով 51 ոստիկանական կրթական հաստատություններ: Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիան սերտ համագործակցում է CEPOL-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ, կազմակերպում դասընթացներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ, որոնք նպաստում են ոստիկանական կադրերի կատարելագործմանը և լավագույն կրթական ծրագրերի փոխանակմանը:
Պատվիրակության անդամ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանի կողմից նիստի ընթացքում հանգամանորեն ներկայացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կառուցվածքը, ընդունելության կարգը, ուսումնական ծրագրերը, գիտական գործունեությունը և միջազգային կապերը: Կառավարման խորհրդի անդամների միաձայն քվեարկության արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրը դարձավ Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի անդամ: Ասոցիացիային անդամակցությունը նշանակալից ձեռքբերում էր կրթահամալիրի միջազգայնացման տեսանկյունից, որը կոչված է լրացուցիչ խթան հանդիսանալու ոստիկանական կադրերի պատրաստման առաջավոր փորձի ուսումնասիրության և կիրառման համար: Սրանով նաև նոր հնարավորություններ են ստեղծվում անդամ երկրների կրթօջախների հետ անհատական գործընկերային հարաբերությունների ձևավորման համար:
Անդամակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի 2018թ. երկրորդ կիսամյակի կառավարման խորհրդի նիստը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրում անցկացնելու մասին: