Նորություններ
ՎերադառնալԻրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության պատվիրակության այցը Կրթահամալիր
Փետրվարի 16-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում էին Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզային, միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ, գնդապետ Համիդի Քյան և պետի տեղակալի խորհրդական, գեներալ-մայոր Մորթեզա Դարանին, ինչպես նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան երկու աշխատակից:
Այցելության ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ հյուրերը նախ հարգանքի տուրք մատուցեցին Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ինչից հետո շրջեցին կրթահամալիրի տարածքում: Ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող և հեռանակարային կրթական ծրագրերին, եղան գրադարանում, ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում, ֆիզիկական պատրաստականության պարապունքների համար նախատեսված դահլիճներում, ինչպես նաև կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ուսումնական կենտրոն-լսարանում: Հատկանշական էր այցը կրթահամալիրում դասվանդվող պարսկերեն լեզվի լսարան, որտեղ այդ պահին դասընթաց էր: Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությունը տպավորված էր տեսածով, իսկ գեներալ-մայոր Մորթեզա Միրզային նշեց, որ առաջին անգամ է օտար երկրում ականատես լինում պարսկերեն լեզվի նկատմամբ նման մեծ ուշադրության:
Հանդիպումը շարունակվեց կրթահամալիրի պետի առանձնասենյակում, որտեղ Հովհաննես Վարյանը առանձնակի կարևորեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանությունների համագործակցության անհրաժշտությունը, ինչպես նաև խոսեց երկու երկրների միջև պատմական կապի մասին:
Գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, Իրանից ժամացած հյուրերի միջոցով, հրավեր փոխանցեց Իրանի ոստիկանական կրթական հաստատության պետին հունիսի 20-ից 23-ը կրթահամալիրում նախատեսվող միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար:
Պատասխան խոսքում պարոն Միրզային ամփոփ ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանական ուսումնական հաստատությունները, դասախոսական կազմի պատրաստվածության և նյութատեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան հաստատությունների ուսումնական ծրագրերը: Գեներալ-մայոր Մորթեզա Միրզային տեղեկացրեց, որ ուսումնառության ընթացքում սովորողները երկշաբաթյա ժամկետով փորձի փոխանակման են մեկնում այլ երկրներ և առաջարկեց քննարկել այսուհետ Հայաստանի Հանրապետության հետ ևս նմանօրինակ ծրագրի իրականացումը: Առանձնակի կարևորեց նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման գործընթացի նախաձեռնումը:
Հանդիպման ավարտին Մորթեզա Միրզային շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Հովհաննես Վարյանին հրավիրեց այցելելու Իրանի Իսլամական Հանրապետության: