Վերադառնալ
31.01.2020

«Լավագույն դասախոսը ոչ միայն սովորեցնում է լսարանին, այլև սովորում նրանից»

«Լավագույն դասախոսը ոչ միայն սովորեցնում է լսարանին, այլև սովորում նրանից»

Հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Կրթահամալիրի խորհրդակցական մարմնի ընդլայնված նիստը՝ նվիրված 2019թ․ ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը։

Նիստին մասնակցում էին Կրթահամալիրի ղեկավարությունը և աշխատակիցները՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի  գլխավորությամբ։

Նիստի սկզբում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և կադրերի և ԱՀՏԱ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մարտիրոս Մուրադյանն ընթերցեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի 24.01.2020թ․  թիվ 220-Ա հրամանը, ըստ որի՝ պարգևատրվել էին  «Հավաքների ազատության օրենսդրության կարգավորումը Հայաստանի Հանրապետսությունում» խորագրով ուսումնական ֆիլմի ստեղծման աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած Կրթահամալիրի ծառայողները։  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանն ու Կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ամալյա Սաֆարյանը պարգևատրվեցին «Օրենքի պատվար» մեդալով, իսկ Կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վլադիմիր Ավագիմյանն ու Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Տաթևիկ Թևոսյանը ստացան դրամական խրախուսանք։ 

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ 2019թ․ ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը․ «Կյանքում ամենամեծ ռիսկը՝ ռիսկի չդիմելն է։ Սա շատ տիպիկ է բնորոշում կրթահամալիրի և այստեղ աշխատող յուրաքանչյուրիս վիճակը։ Ինքներդ ինձնից լավ եք հասկանում, որ խելահեղ արագությամբ փոփոխվող, զարգացող հասարակական կյանքում հատկապես կրթության առաջ գոյացող մարտահրավերները պարտադրում են անընդհատ կատարելագործվել, զարգանալ, առաջ շարժվել։ Գետի հոսանքին հակառակ քայլելու նման է, հենց կանգ առանք, ուրեմն արդեն նահանջում ենք»։

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ կրթահամալիրի պետը, հատկապես, կարևորեց հաջողությամբ հաղթահարված ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլը, որը թիմային աշխատանքի լավագույն դրսևորումն էր համատեղ ու համակարգված աշխատանքի արժանի արդյունքով։

Մ․ Բաբայանն իր խոսքում կրկին ընդգծեց  պրոֆեսորադասախոսական կազմի դերի կարևորությունը․

-Լավագույն դասախոսը ոչ միայն սովորեցնում է լսարանին, այլև սովորում նրանից։ Դասախոսի դերի բարձրացումն անմիջականորեն կախված է մատուցվող նյութի որակից, մատչելիությունից, անընդհատ կատարելագործումից, լսարանը կառավարելու հմտությունից, գնահատման օբյեկտիվությունից, գործընկերների հետ հարաբերություններում օրինակելի վարք դրսևորելուց։ Այնքանով, որքանով մեզ կհաջողվի սրանք անել, կբարձրանա նաև մեր անձնական հեղինակությունը։

Հանդիպման ավարտին Կրթահամալիրի պետը հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ շեշտադրելով գիտական աշխատանքները խթանելու և ընդհանուր կարգապահությունն է՛լ ավելի ամրապնդելու կարևորությունը։