Վերադառնալ
20.02.2023

Անգլերենի դասընթաց Բրիտանական Խորհրդի նախաձեռնությամբ

Անգլերենի դասընթաց Բրիտանական Խորհրդի նախաձեռնությամբ

    Փետրվարի 17-ին Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողների և սովորողների համար նախատեսված անգլերենի դասը տարբերվում էր։ Դասընթացի  մեկնարկի կապակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Թագավորության  ռազմական կցորդի տեղակալ, էսկադրիլիայի հրամանատար Ջոան Ռոն, ՀՀ-ում Բրիտանական խորհրդի ղեկավար Ադդե Հովասափյանը և ՀՀ-ում  Բրիտանիայի դեսպանության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը։

Հյուրերին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ՈւՄ  միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը և նույն բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։

Այցելուները ներկա գտնվեցին անգլերենի դասին, որտեղ Գ․Դավթյանը շնորհակալություն հայտնեց Մեծ Բրիտանիայի դեսպանությանն ու Բրիտանական խորհրդին՝ Կրթահամալիրի աշխատակիցների և սովորողների անգլերենի մակարդակը բարձրացնելու հարցում օժանդակելու համար։ Նա ընդգծեց, որ անգլերենի իմացությունը թույլ կտա կրկնապատկել ջանքերը՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և կրթական ծրագրերում կիրառման հարցում։  Հատուկ շնորհակալություն հայտնեց նաև դասընթացավար Քրիստինե  Տոնոյանին՝  որակյալ ու օգտակար  դասընթաց իրականացնելու համար։ 

Ջոան Ռոն իր ողջույնի խոսքում անդրադարձավ անգլերենի ուսուցման անհրաժեշտությանը և հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Հյուրերը նաև շրջայց կատարեցին Կրթահամալիրի տարածքում, ծանոթացան իրականացվող ուսումնական ծրագրերին, այցելեցին նաև ՀՀ ոստիկանության թանգարան։