Վերադառնալ
15.09.2021

Չեխիայի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Չեխիայի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

    Սեպտեմբերի 13-ից 17-ը  Չեխիայի Հանրապետության ոստիկանության Անվտանգության զարգացման  ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Չեխիայի ոստիկանության ուսումնական և վերապատրաստման վարչության աշխատակից, փոխգնդապետ Միրոսլավ Կորտանը, Պարդուբիցեի ուսումնական կենտրոնի իրավագիտության և քրեագիտության բաժնի պետ, գնդապետ Պյոտր Վեսելին, նույն բաժնի դասախոս-փորձագետ կապիտան Յան Կուբանեկը, Քրեագիտության ինստիտուտի միջազգային համագործակցության և կրթության դեպարտամենտի աշխատակցուհի Վալերի Ֆիբիչովան:

Չեխիայի   պատվիրակությանը դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ: Այցի մեկնարկին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի աշխատասենյակում կայացավ հանդիպում, որի ընթացքում Մուշեղ Բաբայանը հյուրերին ներկայացրեց Կրթահամալիրի առանձնահատկությունները, կառուցվածքն ու ուսումնական ծրագրերը: Պատվիրակության անդամներից Միրոսլավ Կորտանն էլ իր հերթին ներկայացրեց Պարդուբիցեի ուսումնական կենտրոնի կրթական ծրագրերն ու առանձնահատկությունները: Ներկաները զրուցեցին նաև Անվտանգության զարգացման ծրագրի, դրանց կարևորության և դերի մասին:

Հանդիպումից հետո պատվիրակության անդամները ճանաչողական շրջայց կատարեցին Կրթահամալիրի տարածքով, ծանոթացան ֆիզիկական պատրաստականության դահլիճներին, առարկայի դասավանդման առանձնահատկություններին, այցելեցին գրադարան, ՀՀ ոստիկանության պատմության թանգարան, ԵԱՀԿ թրաֆիքինգի, ականազերծման լսարաններ:

Հաջորդ օրը պատվիրակության անդամները հանդիպեցին հոկտեմբերի 11-15-ը «Դեպքի վայրի զննություն» թեմայի շրջանակներում Չեխիայի ոստիկանության ուսումնական և վերապատրաստման վարչության Պարդուբիցեի ուսումնական կենտրոն մեկնող ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողների հետ: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրին ծառայողներին Պարդուբիցեի ուսումնական կենտրոնի կառուցվածքը, առանձնահատկություններն ու ուսումնական ծրագրերը: Մասնավորապես, խոսվեց քրեագիտություն առարկայի դասավանդման մեթոդաբանության, առանձնահատկությունների ու նյութատեխնիկական բազայի մասին: Տրվեցին սպառիչ պատասխաններ Կրթահամալիրի ծառայողների կողմից հնչեցրած բազմաթիվ հարցերին։

Հյուրերը ծանոթացան նաև Կրթահամալիրի ՕՀԳ և Քրեագիտության ամբիոնի մասնագիտացված և սիմուլյացիոն լսարաններում անցկացվող գործնական և տեսական պարապմունքներին, դասավանդման առանձնահատկություններին, մեթոդաբանությանը և նյութատեխնիկական հագեցվածությանը: Պատվիրակության անդամներին ներկայացվեցին նաև Ուսումնական կենտրոնի և Նոր պարեկային  ծառայության կրթական ծրագրերը:

Չեխիայի պատվիրակության այցը լավ հնարավորություն էր ապագայի ծրագրերը քննարկելու և հնարավոր համագործակցության հեռանկարային ուղղությունները նախանշելու համար։