Նորություններ

Վերադառնալ
18.10.2018

Չինական կողմի հրավերով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն այցելեց Չինաստանի ազգային ոստիկանության համալսարան

Չինական կողմի հրավերով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն այցելեց Չինաստանի ազգային ոստիկանության համալսարան

2018թ. հոկտեմբերի 8-ից 16-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում  տեղի ունեցան Չինաստանի ազգային ոստիկանության համալսարանի 70-ամյակին նվիրված տոնակատարությունները, ինչպես նաև դրա շրջանակներում կազմակերպված «Հավաքական անվտանգության կառավարման ընդլայնում և ոստիկանության կրթության բնագավառում համագործակցության խթանում» խորագրով 10-րդ ոստիկանական միջազգային ֆորումը: Միջազգային այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցելու նպատակով մեկտեղվել էին Եվրոպայի և Ասիայի երեսունից ավել երկրների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մի շարք ոստիկանական առաջատար ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Չինական կողմի հրավերով ֆորումին մասնակցեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ով միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Ոստիկանության կադրերի պատրաստման բնագավառում միջազգային համագործակցության ակտիվացումը որպես համաշխարհային անվտանգության ապահովման կարևորագույն տարր» զեկույցով:

«Համախարհային անվտանգության հավանական վտանգների, ապագա մարտահրավերների մասին հասարակությունը պետք է մտածի հենց այսօր: Անվտանգության ոլորտի կատարելագործումը, արդյունավետության բարձրացումը ներկայումս պահանջում է ստրատեգիական նոր մտածողություն և կազմակերպա-իրավական նոր գործիքակազմի ներդրման հնարավորությունների ուսումնասիրում: Անդրազգային հանցավորության քանակական և որակական փոփոխությունները բոլորիս կանգնեցրել են դրանց դեմ պայքարի առավել արդյունավետ եղանակների և մեթոդների որոնման, կիրառման համատեղ գործունեության անխուսափելիության փաստի առաջ»,- իր ելույթում նշեց Մ.Բաբայանը` ներկայացնելով ոստիկանական կադրերի պատրաստման ոլորտում միջազգային համագործակցության կազմակերպման ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտեցումները:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան երկկողմ հանդիպումներ Չինաստանի ազգային ոստիկանության համալասարանի նախագահ Ցաո Շիցուենի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի Հանրապետությունների ոստիկանական ուսումնական հաստատությունների պետերի հետ, որի ընթացքում ձեռք բերվեցին բանավոր համաձայնություններ հետագա համագործակցության նախադրյալներ ստեղծելու վերաբերյալ: