Նորություններ

Վերադառնալ
21.06.2017

«Հասարակության և ոստիկանության համագործակցության արդիական խնդիրներն իրավակարգի ամրապնդման գործում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

«Հասարակության և ոստիկանության համագործակցության արդիական խնդիրներն իրավակարգի ամրապնդման գործում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հունիսի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Հասարակության և ոստիկանության համագործակցության արդիական խնդիրներն իրավակարգի ամրապնդման գործում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների 11 ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանում ՄԱԶԾ Մարդու իրավունքների  գրասենյակի,  ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ:

Միջոցառումը աչքի էր ընկնում մասնակիցների կազմով: Համաժողովին մասնակցում էին ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական ինստիտուտի պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ Ֆոատ Կանաֆիի Զինուրովը և Ուկրաինայի ՆԳ Լվովի պետական համալսարանի ռեկտոր Ռոման Իգորի Բլագուտան:

Առաջին օրը տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Հունիսի 21-ի առավոտյան հյուրերը ժամանեցին կրթահամալիր: Նրանց դիմավորեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ: Համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմի, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, դիտեցին կրթահամալիրի սաների բեմականացումը, շրջեցին կրթահամալիրի տարածքում: Այնուհետև կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Ուկրաինայի ՆԳ Լվովի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որին հաջորդեց Կրթահամալիրի ակումբում միջազգային գիտագործնական համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ներկաներին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները: Համաժողովը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը: 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին 13 զեկույցներ, որոնք հետագայում կտպագրվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 4-րդ համարում: 

Համաժողովի փակման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց հետաքրքիր տոնական համերգով և գեղեցիկ բեմադրված պարային համարներով: Միջոցառման ավարտին ամփոփվեցին աշխատանքները, մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով և փոխանակվեցին հուշանվերներով: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ֆոատ Կանաֆիի Զինուրովը և Ռոման Իգորի Բլագուտան պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով: Կարևորելով համաժողովը և ուսումնական հաստատությունների միջև հետագա համագործակցության ամրապնդումը՝ շնորհակալական խոսքով հանդես եկավ Ռոման Բլագուտան: Իրենց երախտիքը հայտնեցին նաև համաժողովի մյուս մասնակիցները:

Միջոցառման օրերին նախատեսված ծրագրի շրջանակներում հյուրերը այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացան Մեծ եղեռնի պատմության ողբերգական դրվագներին, ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին: Այնուհետև հյուրերն այցելեցին Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, եղան գեղատեսիլ Սևանա լճում: