«Դասախոսությունների, սեմինարների և գործնական պարապմունքների անցկացման մեթոդներ» թեմայով դասախոսություն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2022-2026 թվականների զարգացման ռազմավարական պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի միջազգային համագործակցության ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապրիլի 8-ին առցանց ձևաչափով անցկացվեց դասախոսություն՝ «Դասախոսությունների, սեմինարների և գործնական պարապմունքների անցկացման մեթոդներ» թեմայով։
Դասախոսությունը վարեցին ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Նատալյա Բուգերան և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ալեկսեյ Գուլևսկին:
Հանդիպման մեկնարկին ներկա էին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը և Վոլգոգրադի ակադեմիայի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Աննա Տիմոֆեևան։ Նրանք, ողջունելով մասնակիցներին, մաղթեցին արդյունավետ աշխատանք: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի 26 դասախոս:
Դասընթացը նվիրված էր ուսուցման արդիական հայեցակարգերին և կրթական գործունեության մեջ դրանց կիրառման հնարավորություններին, այդ թվում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերին:
Դոցենտ Ա. Գուլևսկին ներկայացրեց դասախոսությունների և սեմինարների անցկացման ավանդական և նորարարական մոտեցումները, հատուկ ուշադրություն դարձրեց դասախոսի և սովորողի հաղորդակցման փոխգործակցության կառուցմանը՝ կախված ուսումնական պարապմունքների տեսակից: Դիտարկվեցին նաև սեմինարների տեսակները և դրանց բնութագրերը:
Դոցենտ Ն. Բուգերան խոսեց գործնական պարապմունքների անցկացման առանձնահատկություններից, քննարկվեցին գործնական պարապմունքների արդյունավետությանը վերաբերող հարցեր և առկա թերությունների վերացման մեթոդները:
Հանդիպման ընթացքում ակտիվ զրույց և քննարկում ծավալվեց ուսումնական գործընթացի կազմակերպման և մատուցման մեթոդների վերաբերյալ։
Վերջում բանախոսները պատասխանեցին լսարանին հետաքրքրող հարցերին:
Կողմերը փոխադարձ շնորհակալություն հայտնեցին և ընդգծեցին, որ փորձի փոխանակման նման ձևաչափը բավականին արդյունավետ է: