Վերադառնալ
07.04.2022

Նոր ձեռնարկ սովորողների համար

Նոր ձեռնարկ սովորողների համար

    Լույս է տեսել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Հայրապետյանի ENGLISH FOR LAW STUDENTS  ձեռնարկը։

Ձեռնարկը նախատեսված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների մասնագիտական անգլերենի բանավոր և գրավոր ունակությունները զարգացնելու համար: Այն կարող է օգտակար լինել նաև ՀՀ և ԱՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների անգլերեն ուսումնասիրող ուսանողների համար:

Ձեռնարկը բաղկացած է յոթ բաժնից, որոնցից յուրաքանչյուրն ունի ևս յոթ ենթաբաժին՝ քերականություն, տեքստ, բառակազմություն, երկխոսություններ, մասնագիտությանն առնչվող հումորային կարճ պատմվածքներ (Just for Fun), աշխարհայացք զարգացնող հետաքրքիր տեղեկություններ (It’s Interesting to Know) և ասացվածքներ:

Ձեռնարկում յոթ մասով (ըստ բաժինների) ներկայացվում է ամերիկացի հայտնի գրող Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը, որը համարվում է համաշխարհային գրականության դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը:

Պատմվածքի ընտրության նպատակահարմարությունը պայմանավորված է գլխավոր հերոս Օգյուստ Դյուպենի արտասովոր վերլուծական ունակությունների դրսեւորմամբ, որը հնարավորություն կտա ապագա իրավաբաններին զարգացնելու իրենց մասնագիտական հնարքներն ու մտքի ճկունությունը, ինչը շատ կարեւոր գործոն է իրավապահ մարմիններում ծառայողների համար:

Պատմվածքի ընտրությունը նպատակահարմար է նաև լեզվակրի կողմից ընթերցվող և սուբտիտրերով ուղեկցվող մասնագիտական բառապաշարով հարուստ լսողական նյութի առկայությամբ, ինչը ուսանողներին հնարավորություն կտա բարելավելու անգլերենի արտասանությունը, զարգացնելու մասնագիտական բառապաշարը և բանավոր խոսքի հմտությունները:

Ձեռնարկի յուրաքանչյուր բաժին ուղեկցվում է համապատասխան բառարաններով, քերականական, լեքսիկական և բառակազմական վարժություններով, խաչբառներով և մասնագիտական խնդիրներով:

Ձեռնարկի վերջում տրված են մասնագիտական լրացուցիչ նյութեր՝ բեմականացման, լեզվի իրավիճակային ուսուցման և դերախաղերի համար: Տրված են նաև անկանոն բայերի և ժամանակաձևերի աղյուսակներ:

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ։