Նորություններ

Վերադառնալ
28.06.2017

«Անգլերենի ակումբ»-ի տարեկան հաշվետու միջոցառում

«Անգլերենի ակումբ»-ի տարեկան հաշվետու միջոցառում

2017թ.-ի հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կոնֆերանսների դահլիճում  տեղի ունեցավ լեզուների ամբիոնում գործող «Անգլերենի ակումբ»-ի տարեկան հաշվետու միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին: Միջոցառումը կրում էր «Մշակութային և երաժշտական ճանապարհորդություն դեպի Միացյալ Թագավորություն» խորագիրը:

Ներկա էին կրթահամալիրի ղեկավար անձնակազմը՝ կրթահամալիրի պետի առաջին տեղական, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, ամբիոնների և բաժինների պետեր, դասախոսներ, սովորողներ և հյուրեր:

Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սովորողները ներկայացրին Շոտլանդիայի, Ուելսի, Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի աշխարհագրական դիրքերը, ավանդույթները, սովորույթները, մշակույթը, արվեստը, գրականությունը, խորհրդանիշերը և տարազները:

Ցերեկույթի ընթացքում սովորողներն արտասանեցին շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի «The Hills» բանաստեղծությունը, երգեցին հանրահայտ Բիթլզ խմբի «Yesterday» երգը, պարեցին 50-ականներին առաջ եկած և մինչև այժմ  ամբողջ աշխարհում հայտնի Rock and roll պարը, ներկայացրին անգլիական մշակույթի մաս կազմող թեյախմության արարողությունը՝ ներկաներին ծանոթացնելով, թե որտեղից է գալիս «FIVE O’CLOCK TEA TIME»-ի արարողությունը:  Սովորողները ցուցադրեցին նաև Ուիլիամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» դրամայից մի հատված, որն ուղեկցվեց համանուն ստեղծագործության երաժշտության՝ ջութակի կենդանի կատարմամբ:

Միջոցառման վերջում կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը նշեց, որ շատ կարևոր է սովորողների մոտ մնայուն արժեքներ ձևավորելը և համաշխարհային ճանաչում ունեցող մշակույթին ծանոթացնելը: Նա բարձր գնահատեց միջոցառումը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Այնուհետև Տիգրան Եսայանը կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի անունից պատվոգրեր հանձնեց միջոցառմանը մասնակցած բոլոր սովորողներին և հաջողություններ մաղթեց նրանց: Ուսանողները նույնպես շնորհակալություն հայտնեցին՝ իրենց անգլերենի իմացության և աշխարհայացքի ձևավորման համար։