07.09.2020
Մեկնարկեցին պարեկային ծառայության դիմորդների ստուգումները
Բազում սպասելիքներով, անհանգստությամբ ու պատրաստակամությամբ լի հայացքներ։
ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա դասընթացին մասնակցելու համար դիմորդների առաջին խումբը (շուրջ 200 քաղաքացի և ոստիկանության ծառայող) 2020թ․ սեպտեմբերի 7-ի առավոտյան Կրթահամալիրում էր՝ հանձնելու ստուգումներից առաջինը՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։
Թեստավորմամբ ստուգվում է դիմորդների ընդհանուր զարգացվածությունը, ոստիկանությունում ծառայությանը պիտանելիությունը, հայոց լեզվի իմացությունը և անկեղծությունը։
Գործընթացին ծանոթանալու նպատակով Կրթահամալիր էին այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․ Ֆիդանյանը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որոնք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանի ուղեկցությամբ ծանոթացան աշխատանքների ընթացքին։
Պարեկային ծառայության նոր, մեծ ընտանիքին են ցանկանում միանալ ինչպես ՀՀ ոստիկանության ներկայիս ծառայողները, այնպես էլ տարբեր կրթություն ու մասնագիտություն ունեցող` ՀՀ քաղաքացիները։
Առաջիկայում դիմորդների մյուս խմբերն էլ կմասնակցեն մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգմանը, որից հետո հաջողվածներին սպասվում է ֆիզիկական պատրաստականության ստուգումը, իսկ ավելի ուշ՝ այս ստուգումները հաղթահարած դիմորդների հարցազրույցը։
Պարեկային ոստիկան դառնալ ցանկացող առաջամարտիկներին մաղթում ենք հաջողություն և անկոտրում կամք։