Գիտագործնական համաժողով՝ Կրթահամալիրում
Հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Կոռուպցիայի հակազդման քրեաիրավական, քրեադատավարական և քրեաբանական հիմնախնդիրները» թեմայով առցանց միջազգային գիտագործնական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կրթական և փորձագիտական կառույցների ներկայացուցիչները։ Ներկա էին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը և Կրթահամալիրի անձնակազմը։ Միջոցառումը վարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը։
Բացման խոսքով հանդես եկավ գեներալ-մայոր Մ․Բաբայանը՝ նշելով, որ գիտագործնական համաժողովը ևս մեկ խթան է կոռուպցիայի հիմնախնդիրներին լուծում տալու համար, ինչպես նաև ավելացրեց, որ միջազգային համաժողովը բարի ավանդույթ է դարձել Կրթահամալիրի համար, և հույս հայտնեց, որ մյուս տարի այն կանցկացվի Հայաստանում։
Կրթահամլիրից զեկույցներով հանդես եկան քոլեջի տեխնիկական առարկաների ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Ն․Վարյանը, ակադեմիայի ՕՀԳ ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա․ Սմբատյանը։
Ծավալվեցին ակտիվ քննարկումներ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական, բարոյահոգեբանական, կազմակերպչական հարցերի շուրջ, կարևորվեց ոստիկանության գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիմնահարցը։
Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ։