«IRAC-ը որպես իրավավերլուծական ունիվերսալ մեթոդ» թեմայով հանդիպում
Մայիսի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար և վճարովի ուսուցման սովորողների հետ՝ «IRAC-ը որպես իրավավերլուծական ունիվերսալ մեթոդ» թեմայով: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհուրդը: Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական անձնակազմից ներկայացուցիչներ: Ընտրված թեմայի արդիականությունը պայմանավորված էր ակադեմիայի եզրափակիչ քննությունների հարցատոմսերում իրավական խնդրի ընդգրկմամբ: IRAC իրավավերլուծական մեթոդն ակադեմիայի սովորողներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Ն. Վարյանը: Բանախոսը սովորողներին ներկայացրեց իրավավերլուծական աշխատանքների գործնական նշանակությունը, իրավավերլուծության մեթոդաբանության տարբերությունները տարբեր իրավական ընտանիքներում, այնուհետև ներկայացվեցին IRAC իրավավերլուծական մեթոդի կառուցվածքային տարրերը և դրանց շարադրման առանձնահատկությունները: Հանդիպման ավարտին սովորողներին ներկայացվեց նաև IRAC իրավավերլուծական մեթոդի գործնական կիրառման ձևը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից մեկի օրինակով: Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում: