Նորություններ

Վերադառնալ
23.11.2017

Գոհաբանության տոն կրթահամալիրում

Գոհաբանության տոն կրթահամալիրում

2017թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առաջին կուրսում անցկացվեց “Happy Thanksgiving” խորագրով անգլերենի բաց դաս:     Կրթահամալիրի սովորողները պարբերաբար ծանոթանում են անգլախոս երկրների մշակույթին, և այս միջոցառումը տեղեկացված լինելու ևս մեկ առիթ էր: Սովորողները տեսանյութեր և բանավոր նյութեր էին պատրաստել՝ նվիրված ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում նշվող Գոհաբանության տոնին, որն ունի հարյուրամյակների  պատմություն: 1620թ. անգլիացի նորաբնակների մի խումբ “Mayflower” նավով հասավ այժմյան Մասաչուսեթս նահանգ և հիմնեց Փիլմության գաղութը: Սակայն նրանցից շատերը մահացան ցրտահարությունից, սովից և համաճարակներից: Այնուհետև տեղաբնակ հնդկացիների խորհուրդներով սկսեցին հող մշակել: Առաջին բերքը առատ եղավ, և նորաբնակների նահանգապետ Ուիլիամ Բրեդֆորդն առաջարկեց շնորհակալություն հայտնել Աստծուն՝ ցրտաշունչ ձմռանը դիմանալու և առատ բերքի համար: Նրանք կազմակերպեցին խնջույք և հրավիրեցին օգնության ձեռք մեկնած հնդակիցներին:

  Հետագայում Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 26-ին նշել Գոհաբանության օրը: Այնուհետև 1864թ. նախագահ Աբրահամ Լինկոլնի կարգադրությամբ տոնակատարության համար ընտրվեց նոյեմբերի վերջին հինգշաբթին, որի ժամանակ ամերիկացիները մասնակցում են նաև բարեգործական միջոցառումների:

   Գոհաբանության օրը նշում են նաև ամերիկահայերը, ովքեր պատրաստում են հնդկահավ, դդումի կարկանդակ և այլ համեղ ավանդական ուտեստներ և նշում ամբողջ ընտանիքով։ Սովորաբար հենց գոհաբանության օրն էլ կազմակերպվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:

   Միջոցառման ընթացքում սովորողները նաև հաճելի անակնկալ մատուցեցին իրենց անգլերենի դասախոս Ա. Հայրապետյանին՝ թերթիկների վրա շնորհակալական խոսքեր ուղղելով սիրելի դասախոսին:

   Միջոցառման ավարտին սովորողները ցանկություն հայտնեցին Գոհաբանության տոն կազմակերպել ակադեմիան հաջողությամբ ավարտելուց, լեյտենանտի ուսադիրներ ստանալուց և ոստիկանության շարքերը համալրելուց հետո, որը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 25-ին՝ գոհաբանության օրը: