ՀՀ ոստիկանության կրթահամալիրին շնորհվեց պետական հավատարմագիր
Պետական հավատարմագրման գործընթացը նախատեսված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, որոնց հիման վրա բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է սահմանված ժամկետներում դիմեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ)՝ նախատեսված գործընթացը կազմակերպելու համար:
Պետական հավատարմագրումն իրականացվում է պետության կողմից սահմանված 10 չափանիշների հիման վրա, որի նպատակն է հավաստիանալ, թե բարձրագույն ուսումնական հաստատությունը համապատասխանում է սահմանված չափանիշներին, թե՝ ոչ: Համապատասխանելու դեպքում բուհն ընդգրկվում է պետական գրանցամատյանում և համապատասխանելու է եվրոպական կրթական տարածքում տրամադրվող կրթական մակարդակին:
2018թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը սահմանված կարգով դիմել էր ՈԱԱԿ վերոհիշյալ գործընթացը կազմակերպելու համար, որը սովորաբար տևում է մեկ տարի: 2019 թ. սեպտեմբերի 16-20 ՈԱԱԿ-ի և կրթահամալիրի միջև կնքված պայմանագրի համաձայն տեղի ունեցավ փորձագիտական խմբի այց՝ կրթահամալիր ռեսուրսների և ծրագրերի գնահատման համար:
2019թ. դեկտեմբերի 18-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ:
Հավատարմագրման հանձնաժողովը բարձր գնահատեց կրթահամալիրի ղեկավարության կատարած աշխատանքը և այն հստակ ուղին, որը կրթահամալիրը նախանշել է հետագա զարգացման համար, ապա՝ շնորհվեց պետական հավատարմագիր՝ 4 տարի ժամկետով:
Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը մի փոքր ուշացումով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունն այսօր՝ հունիսի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրին հանձնեց հավատարմագրման պետական վկայագիրը։