Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց միջազգային ֆորումին
Դեկտեմբերի 5-6-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացավ ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (ՍԻՊՈԼ) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն» (TOPCOP) տարածաշրջանային ծրագրի ռազմավարական համագործակցության երկրորդ ֆորումը։ Ներկա էին ԵՄ Արևելյան գործընկերության երկրների իրավապահ համակարգի ներկայացուցիչները և ոլորտային փորձագետներ ԵՄ երկրներից։
ՀՀ պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ՈւՄ վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը։
Ֆորումի նպատակն էր քննարկել Արևելյան գործընկերության իրավապահ համակարգի կրթական հաստատություններում «Թրաֆիքինգի դեմ պայքարի» թեմայով դասընթացի իրականացման նպատակով կատարված աշխատանքները, ինչպես նաև «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր ուղիները՝ հաստատված միասնական ծրագրի շրջանակում։
Գ․Դավթյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրերը և դրանց արդիականացմանն ուղղված հաստատության տեսլականը։ Մասնավորապես անդրադարձավ ուսումնական գործընթացում վիրտուալ իրականության սարքերի կիրառման և դրա վերաբերյալ ԵՄ անդամ երկրների ուսումնական հաստատությունների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը։ Հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև «Թրաֆիքինգի դեմ պայքարի» թեմայով վերապատրաստման դասընթաց կազմակերպելու նպատակով Կրթահամալիրի կատարած աշխատանքները։
Հանդիպման ընթացքում փորձագետները հանգամանորեն ներկայացրին «Հանցավոր սպառնալիքների դեմ պայքարի» եվրոպական բազմամասնագիտական հարթակը (EMPACT), որը ԵՄ մշտական և առանցքային գործիք է ծանր և կազմակերպված միջազգային հանցավորության դեմ պայքարում։