Վերադառնալ
22.09.2020

«Օգնևուշկան» հաղթել է համառուսաստանյան ամենամյա գրական մրցույթում

«Օգնևուշկան» հաղթել է համառուսաստանյան ամենամյա գրական մրցույթում

    «Վարսերը հուր կրակի պես փայլփլուն ու չենթարկվող էին: Դե´, Օլգայի բնավորությունն էլ էր կրակոտ… Միևնույն ջերմեռանդությամբ նա դուրս էր բերում վիրավորներին մարտի դաշտից, իսկ երեկոներն անցկացնում էր  հոգնատանջ եղած մարտիկների համար Պուշկինի «Եվգենի Օնեգինն» ասմունքելով»,- ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովայի հեղինակած «Օգնևուշկա» պատմվածքից մի հատված է:

    Պատմվածքը հաղթել է «Մեծ հաղթանակի Հերոսներ-2020» համառուսաստանյան ամենամյա գրական մրցույթում:  Այն գրական լավագույն պատմվածքի, ակնարկի, պատմական կամ ռազմահայրենասիրական բովանդակությամբ բանաստեղծության մրցույթ է, որն  անցկացվում է Ռուսաստանի գրողների միության կողմից ՝ ՌԴ պաշտպանության նախարարության, ՌԴ կրթության նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաստանի պետական գրադարանի, "Գաղտնի չէ" հրատարակչական տան հետ համատեղ:

     Մրցույթին ներկայացված էր շուրջ 16 հազար աշխատանք, որոնց ընտրությունը կատարվել է երեք փուլով:

     Գ.Ռուսակովայի հեղինակած «Օգնևուշկա» պատմվածքը նվիրված է հեղինակի հերոսական տատիկի՝ ՌԴ վաստակավոր ուսուցչուհի Օլգա Ֆիլատովայի հիշատակին, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Ստալինգրադի մատույցներում։

    Հեղինակի բնորոշմամբ՝ Օլգա Պետրովնան, նույն ինքը՝ Օգնևուշկան, ոչ միայն վաստակավոր ու մեծատառով ուսուցչուհի էր, այլև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի «լուռ հերոսներից»:

      Շնորհավորում ենք հեղինակին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր վերելքներ: