Նորություններ

Վերադառնալ
24.07.2017

Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի մագիստրանտների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի մագիստրանտների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև 2017թ. համատեղ միջոցառումների պլանի համաձայն 2017թ. հուլիսի 17-ից 21-ը պատասխան այցով Երևանում էր Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պատվիրակությունը: Այցը միտված էր կրթօջախների փոխհամագործակցության առավել սերտացմանն ու գործընկերային կապերի ամրապնդմանը: Պատվիրակության կազմում էին Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի 4 մագիստրանտներ՝ խմբի ղեկավար Տատա Ցիլոսանիի գլխավորությամբ։

Հուլիսի 17-ին հյուրերը այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որտեղ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի տարածքում, հարգանքի տուրք մատուցեցին Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող կրթական, ինչպես նաև հեռանակարային ծրագրերին:

Հուլիսի 18-ին պատվիրակությունը այցելեց ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, որտեղ բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ֆիդանյանը ներկայացրեց ստորաբաժանման կառուցվածքը և խնդիրները: Այնուհետև Ա.Ֆիդանյանի կողմից անգլերենով անցկացվեց դասախոսություն «Հանցանք կատարած անձանց հանձնելու գործընթացի իրավական կարգավորումը» թեմայով:

 Հուլիսի 19-ին մագիստրոսների համար ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անգլերենով դասախոսություն անցկացվեց Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Դ. Թումասյանի կողմից «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական կարգավորումը» թեմայով, իսկ հուլիսի 20-ին Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Ռ․ Մարանդյանի, նույն ամբիոնի դեցենտ Ա.Սաֆարյանի և Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Գ.Խուդոյանի կողմից՝ «Պետության ինքնիշխանությունը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» և «ՀՀ Ազգային ժողովի իրավական կարգավիճակը սահմանադրական բարեփոխումների համատեքստում» թեմաներով:

Միջոցառման օրերին նախատեսված ծրագրի շրջանակներում հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «Ծիծեռնակաբերդ» անմար կրակի մոտ, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Այնուհետև հյուրերն այցելեցին  Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ,Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Հայաստանի պատմության թանգարան, Սևանա լիճ: