Վերադառնալ
02.09.2021

«Հայրենիքին ծառայելու ձեր խրամատն այսօր այստեղ է»,- հանդիպում բակալավրիատի վճարովի ուսուցման սովորողների հետ

«Հայրենիքին ծառայելու ձեր խրամատն այսօր այստեղ է»,- հանդիպում բակալավրիատի վճարովի ուսուցման սովորողների հետ

    Սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, հանդիպեց Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի սովորողների հետ:

Հանդիպման սկզբում Մ. Բաբայանը շնորհավորեց Կրթահամալիրի մեծ ընտանիքը համալրած առաջին կուրսեցիներին՝ մաղթելով խաղաղ, անփորձանք և արդյունավետ ուսումնական տարի: Այնուհետև նորաթուխ սովորողներին ծանոթացրեց բուհի կառուցվածքին, առանձնահատկություններին, կարգուկանոնին, գործառույթներին. «Որպես ապագա իրավաբաններ՝ այս բուհի ներսում ձևավորելու եք յուրովի աշխարհընկալում, գիտակցելու եք իրավաբանի կարևոր դերն ու կշիռը մեր հասարակությունում»:

Անդրադառնալով սովորողների պատշաճ վարքագծի պահպանման անհրաժեշտությանը՝  Մ. Բաբայանը նրանց հիշեցրեց Կրթահամալիրի այն սաների մասին, որոնք դեռ անցած տարի նույն այս օրը մյուս բոլոր սովորողների շարքերում էին և ընդամենը օրեր անց պետք է քաջաբար նահատակվեին՝ հանուն հայրենիքի. «Գնահատեք, արժևորեք լսարանում Ձեր կողքին նստող, Ձեզ հետ սովորող համակուրսեցուն: Հարգալից վերաբերմունք ցուցաբերեք միմյանց, և մեր նահատակների օրինակը թող ուղեկից լինի Ձեզ՝ որպես պատշաճ, ճշմարիտ  հայրենասերի և լավ սովորող նվիրյալների»:

Կրթահամալիրի պետը նաև նշեց, որ կարգապահության և բարձր առաջադիմության հանրագումարը շատ կարևոր է: Անդրադարձավ նաև կարգապահության կանոնների խիստ պահպանմանը, դասերին պարտաճանաչ մասնակցելու անհրաժեշտությանը:

-Դարձեք այնքան լավ մասնագետ, որ գործնականում կարողանաք օգուտ տալ հայրենիքին: Որպես լավ կրթված ու բանիմաց մասնագետ՝ Ձեր խոսքը կշիռ կունենա հասարակական հարաբերությունների բոլոր տիրույթներում: Ձեզ համար հայրենիքին ծառայելու ձեր խրամատն այսօր այստեղ է,- այսպես իր խոսքն ամփոփեց Կրթահամալիրի պետը: