Վերադառնալ
24.02.2020

Կրթահամալիրն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը

Կրթահամալիրն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը

Փետրվարի 19-ից 21-ը Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայում տեղի ունեցավ ոստիկանության համակարգում ավելի քան արդիական «Հանցավորության դեմ պայքարի և իրավապահ համակարգում կադրերի վերապատրաստման հիմնախնդիրները» թեմայով 20-րդ միջազգային գիտագործնական համաժողովը։

Համաժողովին մասնակցելու նպատակով Բելառուսի ՆԳՆ ակադեմիայում հավաքվել էին  տարբեր երկրների ՆԳՆ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, դասախոսներ։ Բելառուսում էին նաև  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչներ՝  Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը և պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի  ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ Ամալյա Սաֆարյանը։ Վերջինս համաժողովին ներկայացավ «Մարդու իրավունքները և ոստիկանությունը․ դասընթացի նշանակությունը ոստիկանության կադրերի պատրաստման գործընթացում» հոդվածով։ Կրթահամալիրի և Բեռառուսի ՆԳՆ ակադեմիայի միջև կնքվեց կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին արձանագրություն։ 

Անդրադառնալով կրթության ոլորտում միջազգային փոխշահավետ համագործակցության ուղիների ընդլայնման անհրաժեշտությանը՝  Մ․ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ նախանշված նպատակներին հասնելու համար միջազգային առաջատար փորձի ուսումնասիրումը և կիրառումը կարևոր նախապայմաններից են։

Համաժողովի աշխատանքները շարունակվեցին 9 խմբով, որի ընթացքում քննարկվեցին իրավապահ մարմինների գործունեության տեսական, իրավական, սահմանադրական և պատմական, հանցավորության դեմ քրեադատավարական ասպեկտները, ինչպես նաև վարչական իրավունքի և գործընթացի արդի հիմնահարցերը։ Ծավալվեցին արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ուսումնական գործընթացի բարելավմանը և արդիականացմանը։