Նորություններ

Վերադառնալ
25.02.2019

Իրանի ոստիկանության ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Իրանի ոստիկանության ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2019թ. փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳՆ անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին, Անվտանգության և ոստիկանության գլխավոր վարչության պետ և խորհրդական Մեհդի Հասան Աբասին, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Ալի Նաջաֆին,  ոստիկանության ներկայացուցիչ Համիդ Ռեզա Մողանին, ինչպես նաև Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները:

Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար անձնակազմը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ:

Մ. Բաբայանը ողջունեց Իրանի պատվիրակությանը, շնորհակալություն հայտնեց այցի համար և համառոտ ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածքն ու հիմնական գործառույթները, որից հետո առաջարկեց ճանաչողական շրջայց կատարել կրթահամալիրի տարածքով:

Հյուրերն այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա, քոլեջ, ուսումնական կենտրոն, և վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետ, որտեղ ստորաբաժանումների ղեկավարներն ու ծառայողները ներկայացրին իրականացվող ուսումնական ծրագրերը, մասնագիտացված լսարանները, մարզադահլիճները։

Այնուհետև հյուրերին հաճելի անակնկալ մատուցեցին կրթահամալիրի պարսկերենի խմբակի սովորողները, որոնք վարժ պարսկերենով ողջունեցին և ներկաներին զարմացրին Իրանի պատմամշակութային առանձնահատկությունների մասին իրենց գիտելիքներով:                Լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հայրապետյանը պատվիրակության ղեկավարին նվիրեց ոստիկանության ծառայողների համար իր հեղինակած Հայերեն-պարսկերեն զրուցարանը, որը հրատարակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից:  

Հանդիպումը շարունակվեց կրթահամալիրի նիստերի դահլիճում, որտեղ կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և հնարավոր հետագա համագործակցության հարցերը։

Հանդիպման ավարտին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը հուշանվերներ հանձնեց պատվիրակության ղեկավար Հոսեյն Քալանթարին, որը,  շնորհակալություն հայտնելով ջերմ և հետաքրքիր հանդիպման համար,  հույս հայտնեց, որ գործընկերային շփումները կլինեն շարունակական։