Նորություններ
ՎերադառնալԳոհաբանության տոն
2018թ. նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի առաջին դասակում անցկացվեց “Happy Thanksgiving ̋ խորագրով անգլերենի բաց դաս:
Կրթահամալիրում ավանդույթ է դարձել անգլախոս երկրների մշակույթին պարբերաբար ծանոթանալը, և այս միջոցառումը տեղեկացված լինելու ևս մեկ առիթ էր: Դասի ընթացքում սովորողները ներկայացրին, որ այս տոնի ավանդույթն ունի հարյուրամյակների պատմություն, և ԱՄՆ-ում այն նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթին (այս տարի նոյեմբերի 22-ին):
1620թ. անգլիացի նորաբնակների մի խումբ ̏ Mayflower ̋ (մայիսյան ծաղիկ) նավով հասել են Մասաչուսեթս նահանգ և հիմնել Փիլմության գաղութը: Տեղաբնակ հնդկացիներն օգնել են նրանց հող մշակել, ձուկ որսալ և խուսափել թունավոր բույսերից: 1621թ. առաջին բերքը հավաքելուց հետո նորաբնակների նահանգապետ Ուիլիամ Բրեդֆորդը գոհաբանության տոն է կազմակերպում և հրավիրում օգնության ձեռք մեկնած հնդկացիներին: Նրանք իրենց շնորհակալությունն են հղում առ Աստված` ցրտաշունչ ձմռանը դիմակայելու և առատ բերք ստանալու համար:
Միջոցառման ժամանակ սովորողները դիտեցին տեսաֆիլմեր, պատասխանեցին ֆիլմերին վերաբերող առաջադրված հարցերին, կատարեցին թեստային աշխատանքներ և այլ հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին գոհաբանության տոնի վերաբերյալ: Նրանք նշեցին նաև, որ սովորաբար հենց գոհաբանության տոնի ժամանակ է կազմակերպվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը:
Դասի ժամանակ սովորողները գունավոր դրոշների վրա գրեցին, թե իրենք ինչի համար և ում են շնորհակալ և ամրացրին օրվա խորհրդանիշ դդումի վրա:
Այս դասը յուրօրինակ էր նաև նրանով, որ դասախոսի դերում սովորողն էր: Ողջ դասը վարում էր նույն դասակի սովորող Հասմիկ Մարտիրոսյանը, որն իրեն շատ լավ դրսևորեց դասախոսի կարգավիճակում:
Դասի ավարտին սովորող Ժաննա Ֆարամազյանը սովորողների անունից շնորհակալություն հայտնեց անգլերենի դասախոս Անի Հայրապետյանին` անգլերենի դասերը հետաքրքիր անցկացնելու, իրենց աշխարհայացքը զարգացնելու և մոտիվացնելու համար: Այս բաց դասին ներկա էր նաև ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Նվարդ Վարյանը: Դասի ավարտին նա նշեց, որ որևէ օտար լեզու սովորելիս շատ կարևոր է լեզվակիրների մշակույթին ծանոթանալը, և այս առումով ողջունելի է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:
Կարևորելով անգլերենի իմացությունը ոստիկանի աշխատանքային գործունեության մեջ` նա հորդորեց սովորողներին անընդհատ կատարելագործել իրենց անգլերենի իմացությունը: