Վերադառնալ
19.04.2023

Միջազգային մրցույթում հաղթեցին մեր սովորողները

Միջազգային մրցույթում հաղթեցին մեր սովորողները

      Մարտի 1-ից 31-ը տեղի է ունեցել ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի կազմակերպած  «Who Will Believe My Verse in Time to Come» միջազգային մրցույթը՝ վավերական բանաստեղծության լավագույն բանաստեղծական թարգմանության համար։ Մրցույթին մասնակցեց տարբեր երկրների ՆԳՆ համակարգի 18 ուսումնական հաստատության՝ 211 սովորող:

Մասնագիտական ժյուրին ընտրեց 20 հաղթողի, որոնց թվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի 4 սովորող՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի առկա անվճար ուսուցման սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Արմեն Աղաբեկյանը, 1-ին կուրսի սովորող, կրտսեր սերժանտ Լիդիա Գրիգորյանը, 1-ին կուրսի սովորող, կրտսեր սերժանտ Միլենա Ասրյանը և ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման սովորող Զարուհի Պետրոսյանը:

Մրցույթի բոլոր մասնակիցները հանդես էին եկել Մայքլ Սեյջի՝ «Keep on keeping on» բանաստեղծության իրենց իսկ թարգմանած ռուսերեն տարբերակով։ Հաղթողները կարդացին իրենց թարգմանությունները, փոխանակվեցին տպավորություններով և քննարկեցին թարգմանության առանձնահատկությունները:

Հանդիպմանը ներկա էր նաև Կրթահամալիրի լեզուների ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովան, որը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ընդգծեց, որ  Հայաստանում առաջին թարգմանությունները կատարվել են դեռևս 405 թվականին։ «Հայերեն թարգմանությունների շնորհիվ պատմության համար պահպանվել են բազմաթիվ եզակի գրական ստեղծագործություններ, որոնց բնագրերը կորել են»,- ասաց Գ․ Ռուսակովան։

    Հանդիպման ավարտին որոշվեց նման մրցույթները դարձնել ամենամյա։