Վերադառնալ
02.03.2021

Պարեկային ծառայության սովորողների անդրանիկ երդումը

Պարեկային ծառայության սովորողների անդրանիկ երդումը

   Այսօրվա երդման արարողությունը տարբերվում էր մյուս արարողություններից: Շարահրապարակում էին ՀՀ ոստիկանությունում Նոր կազմավորվող պարեկային ծառայության  համար նախատեսված 5-ամսյա դասընթացին մասնակցող սովորողները: Նրանք երդվեցին անմնացորդ նվիրվել հայրենիքին, պետությանն ու ժողովրդին:

Երդման արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ: 

Միջոցառման մեկնարկին հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ծառայության և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված ոստիկաններին նվիրված հուշակոթողին:

 -Այսօր նշանակալի օր է, քանի որ սկիզբ է դրվում նոր ոստիկանության ստեղծմանը: Ձեր բարեխիղճ ծառայությունը միտված է ոչ միայն հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի ամրապնդմանը, այլև ծառայելու հասարակությանը և լինելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին, -շնորհավորական իր ուղերձում նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, դիմելով պարեկային ծառայության  սովորողներին, նույնպես շնորհավորեց ու մաղթեց բարի երթ և պատվարժան ծառայություն. «Դուք այսօր երդվեցիք հավատարիմ լինել սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը: Այս օրը նշանավորվեց որպես մեծ ճանապարհի մի կարևոր հանգրվան»:

Խոսք խնդրեց նաև պարեկային ծառայության սովորող Գևորգ Բաբայանը, որն իր և ծառայակիցների անունից շնորհակալություն հայտնեց այս հնարավորությունն ընձեռելու համար՝ նշելով, որ այսուհետ պարեկային ոստիկանը նորովի է ներկայանալու հասարակությանը. «Ցանկացած երկրի մասին պատկերացումը կազմվում է նաև ոստիկանության արտաքին ծառայությունից: Անցնելով ծառայության՝ կաշխատենք մեծ նվիրումով՝ ներդնելով ուսուցման ընթացքում ձեռք բերած մասնագիտական կարողություններն ու հմտությունները»:

Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով: