Մեկնարկեց ուսումնական և նախաավարտական պրակտիկան
2020թ. փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի` ուսումնական և նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:
Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի ղեկավար կազմը, ամբիոնի պետեր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Հրահանգավորումից առաջ Մ. Բաբայանն անդրադարձավ պրակտիկայի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրներին, կարևորեց պրակտիկայի անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության տարածքային բաժինների հետ համագործակցությունը՝ ընդգծելով հասարակության շրջանում ոստիկանի բարեփոխված կերպարի համարժեք ընկալման ու ոստիկանության հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը։ Կրթահամալիրի պետը պրակտիկայի ղեկավարներին և ակադեմիայի ղեկավարությանը համապատասխան ցուցումներ տվեց` պրակտիկայի անցկացման ու ղեկավարման մեթոդական ապահովման վերաբերյալ:
Պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին անդրադարձավ նաև ակադեմիայի պետ Գ. Գրիգորյանը:
Ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը ներկայացրեց սովորողների բաշխումն ըստ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների (պրակտիկայի անցկացման վայրերի), ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանը` Կրթահամալիրի ծառայողներից պրակտիկայի ղեկավարներ նշանակելու մասին:
Ամբիոնի պետերն ըստ ոլորտների ներկայացրին պրակտիկայի ծրագրերը, պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը, պարզաբանեցին սովորողներին հետաքրքրող հարցերը:
Սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: