Նորություններ

Վերադառնալ
02.10.2015

Կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2015թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի միջև տարեկան համագործակցության ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Գենդերային քաղաքականությունը ուժային կառույցներում» թեմաներով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը վարում էին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի փորձագետներ դոկտոր Թիմ Փարսոնսը և Հիթեր Հուհթանենը:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի ազգային պատասխանատու Սուսաննա Նալթակյանը:

Քննարկումը նվիրված էր միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների, դրանց ապահովման վերաբերյալ պետությունների ստանձնած պարտավորությունների, ոստիկանությունում մարդու իրավունքներին ու ազատություններին համապատասխան գործելակերպ ձևավորելու ու զարգացնելու հիմնախնդիրներին:

Քննարկման երկրորդ մասում լուսաբանվեցին «սեռ» և «գենդեր» հասկացությունները: Քննարկվեցին կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների տրամադրմանը, առկա խոչընդոտները վերհանելուն և քննարկվող ոլորտին առնչվող այլ հարցեր:

Փակման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը՝ իր երախտագիտությունը հայտնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակին շարունակական աջակցության համար: