Վերադառնալ
16.12.2021

Տեղի ունեցավ Կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 12-րդ նիստը

Տեղի ունեցավ Կրթահամալիրի գիտական  խորհրդի 2021 թվականի 12-րդ նիստը

  Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 12-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում՝ ըստ որի ամրագրվեց, որ յուրաքանչյուր առարկայի (մոդուլի) քննական տոմսը պետք է բովանդակի 3 հարց` դասընթացի (կրթական մոդուլի) ծրագրի բաժիններից, որոնցից մեկը պետք է լինի խնդրի ձևով: Դասընթացի (կրթական մոդուլի) առանձնահատկություններով պայմանավորված՝ խնդրի փոխարեն կարող է նախատեսվել գործնական առաջադրանք:

   Փոփոխություն կատարվեց սովորողներին անվանական կրթաթոշակների հատկացման կարգերում, որի համաձայն՝ ուժը կորցրած ճանաչվեց կարգում ամրագրված 8-րդ կետը՝ «Կրթաթոշակի արժանացած սովորողներին տրվում է սույն կարգի հավելվածով սահմանված ձևի հավաստագիր»: «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի մասնագրում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների աուդիտի հանձնաժողովի 2020թ. դեկտեմբերի 18-ի եզրակացությունից:

   Լրացում կատարվեց «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման» կարգում, որի արդյունքում հեռակա ուսուցման ֆակուլտետի միջին խմբի պաշտոններ զբաղեցնող սովորողներն իրենց աշխատանքի վայրից նախաավարտական պրակտիկայի համար կներկայացնեն համապատասխան տեղեկանք և պաշտոնը հավաստող փաստաթուղթ:

   Գիտական խորհուրդը լսեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պրոֆեսորադասախոսական անձնակազմի 2020-2021թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարված մասնագիտական գործունեության վարկանիշային գնահատման արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը, և քննարկվեց որակի ապահովման գործընթացներում պարբերաբար արտաքին փորձագետներ ներգրավելու հարցը: Գիտական խորհրդի նիստն ամփոփվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի պետ, ոստիկանության կապիտան, ի.գ.թ. Վահե Հովիկի Սայադյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար փակ, գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում որոշվեց միջնորդություն ներկայացնել ՀՀ ԲՈԿ՝ Վահե Հովիկի Սայադյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու նպատակով: