Նորություններ

Վերադառնալ
26.01.2017

Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Եռօրյա ճանաչողական այցով Երևանում էր Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի նորանշանակ ռեկտոր Գիվի Միկանաձեն, պրոռեկտոր Յակով Գլոնտին և ռեկտորի խորհրդական Դավիդ Գելաշվիլին։

Հունվարի 26-ին հյուրերը այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որտեղ կրթահամալիր պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի տարածքում, հարգանքի տուրք մատուցեցին Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող կրթական ծրագրերին, ինչպես նաև հեռանակարային ծրագրերին:

 Այնուհետև կայացավ պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գիվի Միկանաձեն պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, իսկ Յակով Գլոնտին և Դավիդ Գելաշվիլին՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով։ Պարգևները հանձնեց Հովհաննես Վարյանը։

 Կրթական հաստատությունների ղեկավարների կողմից երկուստեք կարևորվեց իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացումը և ամրապնդումը, ինչպես նաև կրթական գործընթացում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

 Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև 2017թ. համատեղ միջոցառումների պլանը, որը միտված է կրթօջախների փոխհամագործակցության առավել սերտացմանն ու գործընկերային կապի ամրապնդմանը:

Այցի շրջանակներում հյուրերը եղան Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ, որից հետո շրջեցին նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ ծանոթանալով ողբերգության իրական կադրերին ու ապացույց նյութերին։

Օրվա ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ հայկական մշակութային արԺեքներին. այցելեց Էջմիածնի Մայր տաճար և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան, ծանոթացավ հայոց բազմադարյան քրիստոնեական պատմությանը։

Հյուրերը եղան նաև Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում, որտեղ ծանոթացան կոնյակի լեգենդին, տեսան հնագույն հայկական տակառները, շրջեցին հնեցման արտադրամասում և համտեսեցին նրբահամ կոնյակներ։