Վերադառնալ
15.01.2021

Նոր պարեկային ծառայության դասընթացավարները ստացան իրենց հավաստագրերը

Նոր պարեկային ծառայության դասընթացավարները ստացան  իրենց հավաստագրերը

    Հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ոստիկանության հիմնական տակտիկական պատրաստականության վերաբերյալ Վերապատրաստում վերապատրաստողների համար (ToT) դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

    Դասընթացը կազմակերպվել էր ԻՍԻԹԱՓ (Միջազգային քրեական հետախուզության ուսումնական օժանդակման ծրագիր) առաքելության, ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 15-ը տևած դասընթացը վարում էին ԱՄՆ Տեխաս նահանգի և Վրաստանի փորձառու պարեկային ոստիկանները, որոնք այս ընթացքում իրենց փորձն են  փոխանցել ՀՀ ոստիկանությունում նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման նպատակով անցկացվող դասընթացի ապագա  դասընթացավար-հրահանգիչներին:

    Հավաստագրերի հանձնման արարողության մեկնարկին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին ու մասնակիցներին՝ նշելով, որ դասընթացը բարձր որակավորման չափանիշներով և ՀՀ-ում իր ձևաչափով եզակի է, իսկ մասնակիցները, փաստորեն, ՀՀ-ում առաջինն են, որ կունենան նման հավաստագիր: Ծրագրի հաջող իրականացման համար Մ.Բաբայանն առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակիցներին և ԱՄՆ-ից ու Վրաստանից ժամանած մասնագետներին:

    ՀՀ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող, խորհրդական Ամալյա Հովսեփյանն էլ շնորհակալություն հայտնեց դասընթացի բոլոր կազմակերպիչներին, ինչպես նաև դասախոսներին: Նա ընդգծեց բարեփոխումների դերն ու կարևորությունը նոր ստեղծվող պարեկային ոստիկանության շրջանակներում:

    ԻՍԻԹԱՓ (Միջազգային քրեական հետախուզության վերաբերյալ ուսումնական օժանդակման ծրագիր) առաքելության խորհրդատու Թիմ Դոնոհեն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց դասախոսներին ու մասնակից դասընթացավարներին (հրահանգիչներին). «Ես կարծում եմ, որ սա դասավանդման այլ մեթոդաբանություն  է պահանջում: Վստահ եմ, որ այս դասընթացում ընդգրկված մասնակիցները կցուցաբերեն իրենց ակտիվությունն ու նախաձեռնողականությունը»:

    Միջոցառումն ավարտվեց հավաստագրերի հանդիսավոր հանձնմամբ: