Նորություններ

Վերադառնալ
04.12.2017

«Ոստիկանության համակարգում պաշտոնեական առաջխաղացումը» թեմայով դասընթաց TAIEX-ի շրջանակներում

 «Ոստիկանության համակարգում պաշտոնեական առաջխաղացումը» թեմայով դասընթաց TAIEX-ի շրջանակներում

Սույն թվականի նոյեմբերի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը մասնակցում էր TAIEX-ի շրջանակներում Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի հետ համատեղ կազմակերպված «Ոստիկանության համակարգում պաշտոնեական առաջխաղացումը» թեմայով դասընթացին: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, և կազմում էին կրթահամալիրի պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ, ինքը և կադրերի և ԱՀՏԱ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը,  կրթահամալիրի տնտեսական բաժնի ավտոծառայության խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Արմեն Ղուկասյանը: Նշված միջոցառմանը մասնակցում էին նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի ոստիկանական բուհերի ներկայացուցիչները։

Միջոցառման առաջին օրը բացման խոսքով հանդես եկան Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պետ Գիվի Միկանաձեն: Այնուհետև «Ոստիկանության համակարգում պաշտոնեական առաջխաղացումը» թեմայով ելույթներ ունեցան Ավստրիայից, Նիդերլանդներից, Լիտվայից և Չեխիայից հրավիրված փորձագետները:

Փորձագետների ելույթներից հետո մասնակիցները ներկայացրին իրենց երկրներում ոստիկանական համակարգում գործող կարգերը: Հայաստանի պատվիրակությունից ելույթով հանդես եկավ Մ. Մուրադյանը: Նա ներկայացրեց ՀՀ ոստիկանության համակարգում պաշտոնեական առաջխաղացման գործող կարգը և օրենսդրությունը: Տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից հարցեր հնչեցին, որոնց վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը:

Նույն օրը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև ստորագրվեց 2018թ. համատեղ միջոցառումների պլանը։ 

Հաջորդ օրը առանձնացված խմբերով աշխատանքներ կազմակերպվեցին, որոնցում ներգրավված էր յուրաքանչյուր երկրից մեկական ներկայացուցիչ: Խմբերը առավել մանրակրկիտ ուսումնասիրեցին բարձրացված հարցերը, փորձը, ինչպես նաև քննարկեցին ուժեղ և թույլ կողմերը: 

Այցի շրջանակներում անցկացվեցին նաև մշակութային միջոցառումներ, մասնավորապես` այցելություններ թանգարաններ և պատմամշակութային հուշարձաններ: