Նորություններ

Վերադառնալ
20.02.2018

ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման պատվիրակությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման պատվիրակությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2018թ. փետրվարի 20-ին ոստիկանության Կրթահամալիրում ճանաչողական այցով հյուրընկալվեցին ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերով բաժնի վարիչի տեղակալ, պատվիրակության ղեկավար Տորստեն Ստոդեկը և ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ոստիկանության հարցերով պատասխանատու ու ոստիկանության բարեփոխումների գծով խորհրդատու Անդերս Դանիելսոնը:

Հյուրերին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, որոնց ուղեկցությամբ պատվիրակության անդամները ճանաչողական շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող կրթական ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին: Հյուրերը եղան ժամանակակից մարզագույքով կահավորված մարզադահլիճում, ընդունելության քննությունների անցկացման մասնագիտացված համակարգչային սենյակում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուսումնական կենտրոն-լսարանում, որոնք կահավորվել և վերազինվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Այնուհետև, տեղի ունեցավ հանդիպում Կրթահամալիրի, քոլեջի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հիմնախնդիրներ համայնքային ոստիկանության գործունեության, դրանց աշխատակիցների վերապատրաստման, ընտանեկան բռնության, ոստիկանների հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև  կրթական առարկաներին և ծրագրերին առնչվող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանն ընդգծեց ԵԱՀԿ հետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի շարունակական: