Ինչպես դառնալ ոստիկան
Ինչպե՞ս դառնալ ոստիկան
Կան մասնագիտություններ, որոնք ճիշտ է անվանել կոչում, քանզի առանձնահատուկ դեր և նշանակություն ունեն: Ոստիկան լինելը, հիրավի, կոչում է, և ոչ բոլորն են կարող կրել ուսադիրների պատասխանատվությունը, լինել համարձակ, զգոն և, անհրաժեշտության դեպքում, կյանքի գնով դիմակայել հանրորեն վտանգավոր ոտնձգություններին, ստանձնել ոստիկան կոչվելու առաքելությունը և պատվով իրականացնել այն: Նրանց շնորհիվ է, որ մեր հանրապետությունում ապահովված է օրինականությունը, հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:
ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներից է բանիմաց և պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը, որի հիմնական պատասխանատու աշխատանքն իրականացնում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը՝ ՀՀ ոստիկանության համակարգում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը: Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներն են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող ակադեմիան, միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող քոլեջը, նախնական մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող ուսումնական կենտրոնը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը համալրված է բարձր մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմով: Կրթահամալիրն ունի ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած լսարաններ և մասնագիտացված ուսումնական կաբինետներ: Կրթահամալիրը սերտ համագործակցում է ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրների ոստիկանական ուսումնական հաստատությունների հետ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով: Կրթահամալիրի ակադեմիա, քոլեջ և ուսումնական կենտրոն «առկա անվճար ուսուցում» կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, պարտադիր զինվորական ծառայություն անցած /արական սեռի դիմորդների համար/ մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիները: Կրթահամալիրում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում՝ բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ իրականացնելու դեպքերի: Կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
- ԱԿԱԴԵՄԻԱ
Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետն իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցում: Ուսման տևողությունը 4 տարի է: Ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվում է իրավագիտության բակալավրի աստիճան, ոստիկանության լեյտենանտի կոչում, և վերջիններս նշանակվում են ՀՀ ոստիկանության միջին խմբի պաշտոններում:
- ՔՈԼԵՋ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջն իրականացնում է «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցում: Ուսման տևողությունը 2 տարի է: Քոլեջի շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, և վերջիններս աշխատանքի են նշանակվում ոստիկանության միջին խմբի պաշտոններում:
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով եռամսյա և վեցամսյա ուսուցում: Ուսումնական կենտրոնի շրջանավարտները նշանակվում են ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում: