Դարձի՛ր իրավաբան վճարովի ուսուցման ծրագրերով
Դարձի՛ր իրավաբան վճարովի ուսուցման ծրագրերով
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում որակյալ կրթություն ստանալու համար ստեղծված են բոլոր պայմանները։ 2010 թվականից սկսած՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում գործում են «Իրավագիտություն» մասնագիտությամբ վճարովի հիմունքներով 2 կրթական ծրագիր՝ բակալավրի և մագիստրոսի։ Տարեցտարի կրթահամալիրում բարձրացվում է կրթության որակը, արդիականացվում են ուսումնական ծրագրերը, ուսումնական գործընթացում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաները, համալրվում է նյութատեխնիակական բազան։ Այս ամենը նպաստում է որակյալ այնպիսի կադրերի և մասնագետների պատրաստմանը, որոնք իրենց գործունեությունը շարունակում են ոչ միայն ՀՀ ոստիկանությունում, այլև պետական այլ մարմինններում և մասնավոր կառույցներում։
Մինչ այսօր կրթահամալիրի վճարովի ուսուցման շրջանակներում միջինում տարեկան 70 շրջանավարտ ստացել է «Իրավագիտություն» մասնագիտության պետական նմուշի դիպլոմ։ Նրանք այսօր գործունեություն են ծավալում այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, ՀՀ դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, փաստաբանների պալատը, փաստաբանական գրասենյակները։
Բակալավրի կրթական ծրագրով վճարովի հիմունքներով ուսման տևողությունը 4 տարի է։ Այստեղ ուսման ձևաչափն առկա է։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք։ Առկա վճարովի ուսուցման արական սեռի սովորողները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված տարկետման իրավունքից: Ուսման կիսամյակային վարձավճարը 250 000 դրամ է:
Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մրցութային երկու առարկայից`
- հայոց լեզու (թելադրություն),
- հայոց պատմություն (թեստ):
Դիմորդն իր ցանկությամբ կարող է հանձնել միայն «Հայոց լեզու» առարկայի քննությունը` փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը):
Ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ:
Վճարովի ուսուցման շրջանավարտներին «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելիս տրվում է առաջնահերթություն։
Բակալավրի առկա վճարովի ուսուցման ընդունելության կարգն ու պայմանները
Մագիտրոսի կրթական ծրագրով ուսման տևողությունը 2.5 տարի է։ Այստեղ ուսման ձևաչափը հեռակա է։ Հեռակա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվելու համար կարող են դիմել իրավագիտության բակալավրի աստիճան (պետական նմուշի դիպլոմ) ունեցող անձինք:
Մագիuտրատուրայի ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով, մրցույթն անցկացվում է` հաշվի առնելով հետևյալ չափանիշների առաջնահերթությունը.
1) բակալավրիատում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.
2) մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.
3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատանքների, թեզիuների և զեկուցումների առկայությունը.
4) ոչ մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը:
Մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ:
Մագիստրոսի ծրագրով հեռակա վճարովի ուսուցման ընդունելության կարգն ու պայմանները