ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ, ԱՆԿՈՏՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՏԵՍ
«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նոր նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող Արթուր Բաղդասարյանի հետ։
Գնացինք․․․․
- Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ն էր այն, ո՞ վ էր քո հերոսը:
Իրականում մանկությունս շատ վառ է տպավորվել, քանի որ այն բավականին աշխույժ և հետաքրքիր է անցել, ասում են՝ շատ չար երեխա եմ եղել։ Կոնկրետ մանկության հերոս չեմ ունեցել։
- Իսկ որո՞նք են եղել մանկության տարիների խաղերը:
Կարելի է ասել՝ իմ մանկության տարիների խաղերը չեն տարբերվել այլ երեխաների խաղերից։ Ես այն սերնդից եմ, ով իր մանկությունն անցկացրել է բակային խաղերով՝ պահմտոցի,ֆուտբոլ, վոլեյբոլ և շատ այլ խաղեր։
- Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները: Կպատմե՞ս այդ տարիներից:
Դպրոցական տարիներս նույնպես անցել են շատ հետաքրքիր, անմոռանալի հիշողություններ ունեմ դպրոցի կյանքից։ Դպրոցում ևս ունեցել եմ գերազանց առաջադիմություն, սակայն այդ փաստն ինձ չի խանգարել համադասարանցիներիս հետ դասից փախչելուն ու վերջում «երկու» ստանալուն։
- Գիրք․ ո՞ր գիրքն է, որ երկրորդ անգամ կընթերցես։
Մեծ հաճույքով կընթերցեմ Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը», որը կարդացել եմ 2015 թվականին։ Այդ վեպը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է։ Վեպն առնչվում է հենց հեղինակի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ վեպում ֆանտազիան և իրականությունը միախառնվելով ներկայացնում են մայրցամաքի կոնֆլիկտներն ու կյանքը։
- Խոսենք հոբբիներից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից:
Հոբբիներս շատ են, բայց կփորձեմ մի քանիսն առանձնացնել՝ սպորտ, ինքնակրթվել, ճամփորդել։ Սպորտը մեծ տեղ ունի իմ կյանքում. կարելի է ասել՝ այն դարձել է իմ ապրելակերպի մի մասը: Ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ, հատկապես բռնցքամարտն ինձ լրիվ կտրում է իրականությունից։ Ինքնակրթվելն ինձ օգնում է օր օրի ավելի մոտենալ իմ նպատակներին։ Ճամփորդելը շատ հաճելի հոբբի է. հատկապես արշավները բնության գրկում կտրում են ամբողջ հոգսերից։
.- Ինչի՞ մասին էիր երազում պատանեկության տարիներին:
Իմ երազանքներն ու նպատակները միշտ հաստատուն են եղել։ Նպատակ ունեմ ձայնս լսելի դարձնել երկրի մակարդակով։ Կստացվի, վստա՛հ եմ։
- Դու ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
Մանկուց սիրել եմ արդարությունը և հավասարությունը։ Այս մասնագիտությունը կօգնի իմ լուման ունենալ հավասարության ապահովման շրջանակներում։
- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:
Շատ է տարբերվում Կրթահամալիրն այլ ուսանողական հաստատություններից՝ թե՛ կանոնակարգված ռեժիմով, թե՛ կարգապահությամբ։ Երկու տարի է, ինչ կրթահամալիրում եմ սովորում. շատ արագ և աննկատ անցավ։
- Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։
Որպես իրավապահ մարմնի ապագա ներկայացուցիչ՝ Կրթահամալիրի սովորողը պետք է լինի կարգապահ, խելացի, հավասարակշռված, համբերատար, հայրենասեր և ազնիվ։
- Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:
Միանշանակ արդարության և հավասարության շարունակողականության ապահովումն է։ Ոստիկանը պետք է լինի միմիայն արդարության կողմից։
- Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:
Կտատանվեի երկու մասնագիտության մեջ՝ կա՛մ բռնցքամարտիկ, կա՛մ բժիշկ։ Հատկապես կընտրեի բժշկությունը՝ հայրենիքիս ավելի օգուտ տալու նպատակով։
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։
Նախ և առաջ, հասկացե՛ք համազգեստի պատասխանատվության աստիճանը. այն շատ բարձր է, ոստիկանի մասնագիտությունը լուրջ մասնագիտություն է և միաժամանակ շատ հետաքրքիր։ Այնպես որ, երկար մտածել, ապա քայլեր ձեռնարկելը չի խանգարի։
- Շարժառիթ․ ո՞րն է կյանքի շարժառիթը քեզ համար։
Կարելի է ասել, ես ինքս եմ ինձ համար ստեղծում. դա օգնում է դառնալ ավելի ինքնուրույն և շարժվել առաջ։ Անկախ ամեն ինչից՝ ես գնում եմ առաջ, և ոչ մի անհաջողություն ինձ չի կարող հետ պահել իմ նպատակից։ Շարժառիթը դժվարությունից քաղած լավ պտուղներն են։
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:
Եթե զրուցակիցը հետաքրքիր ու լավ անձ է, ապա անդադար կարելի է խոսել: Այնպես որ, թեման այդքան էլ էական չէ։
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ
- Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
Նպատակասլաց, անկոտրում և իրատես։
- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
Պլանավորել օրը։
- Օրն սկսում ես ժամը…
Օրն սկսում եմ ժամը 7:00։
- Սիրածդ աֆորիզմը:
Ուժն է ծնում իրավունք։
- Սիրելի զբաղմունքդ:
Ինքնակրթվել:
- Խորհուրդ, որը կտայիր։
Երբեք չհանձնվել:
- Թե՞յ, թե՞ սուրճ։
Սուրճ (ժպտում է):
- Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
Ամեն ինչ դեռ առջևում է․․․․
Հարցազրույցը վարեց ոստիկանության ավագ լեյտենանտ
Մարիետա Խերանյանը