ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նոր նախագծի շրջանակում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող Լիլիյա Հովակիմյանի հետ։ Ի դեպ, Լիլիյան 2019 թ. Կրթահամալիրի լավագույն սովորող է ճանաչվել։
Գնացինք․․․․
-Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ աղջնակ էիր, ի՞նչ երազանքներ ու հեքիաթներ կային մանկության տարիներին:
Հրաշալի մանկություն եմ ունեցել: Զարմանալի է, բայց ինձ բավականին վաղ տարիքից եմ հիշում: Մանկության տարիներին շատ աշխույժ, քմահաճ, ուզածին ամեն կերպ հասնող, ուշադրություն սիրող ու թիթիզ եմ եղել (ասում են՝ բան չի փոխվել): Մանկությանս թանկ հուշերն են՝ բակում ընկերների հետ խաղերը, պապիկիս հետ զբոսանքները, Ձմեռ պապիկին ուղարկած նամակները, տիկնիկներն ու հեծանիվը, երգերն ու ոտանավորները… Ինչպես յուրաքանչյուր աղջնակի այդ տարիքում, ինձ էլ գրավում էին հեքիաթներն ու մուլտֆիլմերը՝ արքայադուստրերի, գեղեցիկ զգեստների եւ պարահանդեսների մասին: Թվում էր՝ կյանքը հենց դա է, որ կա: Կարդացածս գրքերի ազդեցության տակ որոշել էի դառնալ դերասանուհի, նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում ու մարմնավորել սիրելի գրքերի սիրելի հերոսուհիներին: Սա հիշում եմ որպես մանկության գեղեցիկ ու անիրական երազանք:
-Դպրոց․ նոր, ավելի հասուն կյանք: Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները: Ի՞նչ կհիշես, կպատմե՞ս այդ տարիներից:
Դպրոցական տարիներից չեմ հիշում գեթ մեկ օր, որ տրտնջալով գնայի դպրոց: Անչափ սիրում էի դպրոցս, դասընկերներիս ու ուսուցիչներիս: Դասարանի ավագն էի, մեծ սիրով ու ամենայն պատասխանատվությամբ էի կատարում բոլոր կազմակերպչական աշխատանքները՝ ջանալով, որ մեր դասարանը բոլոր հարցերում լինի լավագույնը: Հիշում եմ, թե ինչ մեծ ոգևորությամբ էի մասնակացում բոլոր առարկաների շրջանակներում կազմակերպվող օլիմպիադաներին: Սովորել եմ գերազանց, բայց զերծ չեմ մնացել և ոչ մի աշակերտական չարաճճիությունից՝ արտագրելուց, դասից փախչելուց, ինչպես նաև ուսուցիչների դիտողություններից՝ դասի թեման դասընկերներիս հուշելու կամ դասի ընթացքում ծածուկ շատախոսելու առումով: Հետո եկան ավելի հետաքրքիր՝ ուսանողական տարիները. լավագույն ընկերներ, մասնագիտական կրթություն ու 3 անմոռանալի տարիներ:
-Փոքրիկ իշխան. Անտուան դե Սենտ-Էկզյուպերի... Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը.
Կարծում եմ՝ ես չափից շատ ռեալիստ եմ Ձեր հարցին պատասխանելու համար, ես մշտապես գտնվում եմ Երկիր մոլորակի վրա: Գիտե՞ք, երկա՜ր մտածեցի էս հարցի շուրջ, հասկացա՛, որ ես էս առումով անհետաքրքիր մարդ եմ, չունե՛մ պատասխան:
-Խոսեցինք Էկզյուպերիից, առաջին ընթերցածդ գիրքը ո՞րն է եղել, ի՞նչ տպավորություն է թողել և, առհասարակ, ի՞ նչ է գիրքը քեզ համար:
Գրքեր սկսել եմ ընթերցել բավականին վաղ տարիքից, ընտանիքումս դեռևս մանկուց մշտապես լսել եմ գիրք կարդալու հետաքրքրության ու կարևորության մասին, տանը միշտ եղել է ու կա գրքերին հատկացված ոչ փոքր անկյուն, որտեղ գիրք ընտրելիս անգամ տեղափոխվում ես այլ աշխարհ՝ ավելի լուսավոր, հետաքրքիր, առօրյայից ու կենցաղից շատ հեռու: Կոնկրետ ասել, թե որ գիրքն եմ առաջինը կարդացել, չեմ կարող: Սկսել եմ կարդալ հայ գրականություն, ինձ մեղավոր կզգամ, եթե նշեմ (չեմ էլ կարող նշել) ամենասիրելի մեկ գիրք կամ հայ գրականությունից մեկ հեղինակի, սահմանափակվեմ միայն ասելով, որ իմ գրադարանի գրքերի մեծ մասը պատկանում են հայ հեղինակների գրչին: Թեպետ առաջին կարդացածս գիրքը չեմ հիշում, բայց շատ լավ եմ հիշում, թե որ գիրքը բացառիկ տպավորություն թողեց ինձ վրա. դա Օնորե դը Բալզակի «Հայր Գորիոն» էր, ինչից հետո սկսեցի կարդալ այս հեղինակի բոլոր ստեղծագործություններն ու կարդալուց հետո դեռ մի քանի օր էլ վերլուծել դրանք: Ընթերցանությունն ինձ համար կարճատև, հաճելի ու երբեմն անհրաժեշտ փախուստ է միապաղաղ իրականությունից. այն պահերին, երբ ինչ-որ բանում չեմ կողմնորոշվում, կարդում եմ: Կարդալը տրամադրություն է ստեղծում, ուղղորդում դեպի լավն ու դրականը:
-Հայտնի է՝ առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս Ուելսը 1910 թվականին: Նա բազում քննադատությունների է արժանացել ընտրած մասնագիտության պատճառով, բայց անխոնջ կատարել է իր ծառայությունը: Դու ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
Վերահաստատում եմ Ձեր պնդումն առ այն, որ մասնագիտության ընտրությունը յուրաքանչյուրիս կյանքում բարդ ու շատ կարևոր փուլ է: Այս ընտրությանը պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, չէ՞ որ մեր մասնագիտությանն ու աշխատանքին մենք տրամադրելու ենք անվերադարձ հոսող ժամանակի մեծ մասը, մեր ներուժն ու ուշադրությունը: Դպրոցական տարիներին արդեն մտածում էի իրավաբանի մասնագիտությունն ընտրելու մասին, ծնողներս ողջունեցին այդ միտքը: Բուհն ընտրել եմ մայրիկիս առաջարկությամբ: Երկար ժամանակ ուսումնասիրեցի, տնտղեցի, վերլուծեցի, մի քանի անգամ այցելեցի Կրթահամալիր, ծանոթացա սովորողներից ոմանց հետ, հետաքրքրվեցի, թե ինչպես են անցնում դասերն ու առօրյան: Վերջապես կայացրի այդ կարևոր ու երջանիկ որոշումը. 2017թ. ես դարձա Կրթահամալիրի ակադեմիայի սովորող: Հիմա հպարտությամբ հասկանում ու փաստում եմ, որ դա ոչ թե միայն համազգեստի հանդեպ ակնածանքի արդյունք էր, այլ երկար մտածված, ծանրութեթև արված և գիտակցված որոշում:
-Այնուամենայնիվ, ոստիկանի աշխատանքը և՛ ռիսկային է, և՛ պատասխանատու:
Ինչպիսի՞ դժվարությունների ես բախվել այս տարիների ընթացքում:
Ոստիկանության կրթահամալիր ընդունվելով՝ փաստացի ես ընդամենը մեկ քայլ կատարեցի, բայց այդ մեկ քայլն արմատապես փոխեց կյանքս. երբեմնի ազատ ու անհոգ կյանքը միանգամից փոխարինվեց մեծ պատասխանատվություն պահանջող, հստակ կանոնակարգված, որակապես նոր կյանքի: Արդեն լավ սովորող լինելը բավարար չէր, դրան զուգահեռ՝ պետք էր լինել նաև բարեխիղճ ծառայող, և այս ամենը համադրելն սկզբնական շրջանում ինձ հեշտ չէր տրվում: Եղել են, իհարկե, բազմաթիվ դժվարություններ, բայց դրանք մոռացվում են, մնում են միայն լավ հուշերն ու այդ դժվարությունների տված օգուտները: Կրթահամալիրը սովորեցրեց ոչ միայն դիմանալ, այլև հաղթահարել ցանկացած դժվարություն, դառնալ ու մնալ ուժեղ, չընկճվող, քանի որ ոստիկանական համակարգը չի հանդուրժում թույլերին:
- Ուսանողական տարիներ, ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:
Կրթահամալիրում ուսանողական կյանքը շատ է տարբերվում մյուս բուհերի ուսանողական կյանքից: Պատճառն այն է, որ Կրթահամալիրում մենք ուսանող լինելուց զատ նաև ոստիկանության ծառայողներ ենք, համազգեստ ու ուսադիր ենք կրում, համարվում ոստիկանական համակարգի մի մասնիկ: Ժամանակի սղության պատճառով շատ հաճախ հետին պլան են մղվում զվարճանքներն ու ուսանողական ժամանցը: Այնուամենայնիվ, ես իմ փորձով վստահ փաստում եմ, որ Կրթահամալիրում ևս հնարավոր է ունենալ անմոռանալի ուսանողական կյանք, այնպիսին, ինչպիսին երբեք չի կարողանա ունենալ այլ բուհի ուսանողը:
-Ոստիկանական համակարգն ուժային կառույց է, բայց կինը նուրբ էակ է, այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:
Ոստիկանությունում աշխատելու համար մենք սովորում ենք ճիշտ ու դիպուկ կրակել, արագ վազել, վնասազերծել հանցագործին, բայց, միևնույն է, կնոջ ամենահզոր զենքը մնում է կանացիությունը: Այս ամենը ոստիկանության համակարգում հայտնվելու առաջին իսկ օրվանից ես փորձել եմ դիտել ոչ թե հակասության, այլ փոխլրացման հարթությունում: Ուժային կառույցում աշխատելուն կնոջը կարող է խանգարել իր կատարած աշխատանքում ոչ պրոֆեսիոնալ լինելը, այլ ոչ թե կանացի նրբությունը: Կանայք ի ծնե ավելի հեշտ են հաղորդակցվում ցանկացած անձի հետ, ավելի հեշտ են հանգուցալուծում կոնֆլիկտներն իրենց հենց այս հատկանիշի շնորհիվ: Ոչ մի, անգամ ամենաբարդ մասնագիտությունը չի կարող խանգարել կնոջը լինել գեղեցիկ ու խնամված, իսկ օրինակ՝ կոկիկ մատնահարդարումը չի կարող կին օպերատիվ աշխատակցին խանգարել արագ արձագանքելու հանցագործության դեպքին (ծիծաղում եմ):
- Ինչպիսի՞ն պիտի լինի իրական ոստիկանի կերպարը:
Ոստիկանը պետք է լինի բանիմաց, տիրապետի իր մասնագիտության բոլոր նրբություններին, լինի հայրենասեր ու մարդասեր, իր ծառայությունն անցկացնի անձնուրաց, լինի ուժեղ ու պատրաստված, հանդուրժող ու չչարացող, կարգապահ, ազնիվ ու, որ շատ կարևոր է, իր գործին նվիրված: Այս հատկանիշները ես ուղղակի չթվեցի, ես նկարագրեցի շատ ու շատ ոստիկանների, ովքեր ոստիկանի կերպարի արժանի ձևավորողն են:
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ոստիկան դառնալ։
Հատկապես ընդունելության շրջանում ինձ հաճախ են դիմում անձինք, ովքեր ցանկանում են համալրել ոստիկանության շարքերը, դառնալ իմ սիրելի Կրթահամալիրի սովորող: Նրանց ցանկությունը ողջունելուց և հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո անպայման խորհուրդ եմ տալիս հասկանալ ու ամբողջությամբ գիտակցել ոստիկան լինելու բարձր պատիվն ու պատասխանատվությունը, գալիք անխուսափելի դժվարությունները, պատրաստվել դրանց, ձևավորել հստակ նպատակ, ձգտել դեպի այդ նպատակն ու, իհարկե, հասնել դրան:
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ
-Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
Նպատակասլաց, չհանձնվող, հավատարիմ:
-Սիրածդ աֆորիզմը:
«Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը՝ պատիվ»։
-Սիրելի զբաղմունքդ:
Ճամփորդել:
-Խորհուրդ, որը կտայիր…
Վայելել կյանքը. այն մեկ անգամ է տրվում ու անասելի արագ է անցնում:
-Դու կին ոստիկան ես և…
Ես կին ոստիկան եմ, ով ձգտում է լինել լավ մասնագետ ու կատարել հանրօգուտ աշխատանք պետության և հասարակության համար:
Հարցազրույցը վարեց ոստիկանության ավագ լեյտենանտ
Մարիետա Խերանյանը