ՊԱՏՎԱԲԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նոր նախագծի շրջանակում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա 1-ին կուրսի սովորող Թեգուրա Կարապետյանի հետ․․․
Գնացինք․․․․
- Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ աղջնակ էիր, ի՞նչ երազանքներ ու հեքիաթներ կային մանկության տարիներին:
- Հիպերակտիվ երեխա էի: Սիրում էի պարել, ուստի փոքր տարիքից հաճախեցի պարի դպրոց: Երազում էի ուսուցչուհի դառնալ։ Բակի երեխաների հետ դպրոց-դպրոց էինք խաղում: Երևի հենց դրանով էր պայմանավորված առաջին մասնագիտությանս ընտրությունը:
- Հայտնի է՝ առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս Ուելսը 1910 թվականին: Նա բազում քննադատությունների է արժանացել ընտրած մասնագիտության պատճառով, բայց անխոնջ կատարել է իր ծառայությունը: Դու ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
- Ոստիկանի մասնագիտությանը քիչ թե շատ ծանոթ եմ եղել, քանի որ հայրս էլ ոստիկան էր: Որոշումս մեկ օրվա մեջ եմ կայացրել։ Հիշում եմ, որ շատ քիչ ժամանակ էր մնացել ընդունելության քննություններին, բայց ցանկությունս այնքան մեծ էր, որ ներդրեցի իմ ողջ եռանդը և ներուժը՝ նպատակիս հասնելու համար։
- Այնուամենայնիվ, ոստիկանի աշխատանքը և՛ ռիսկային է, և՛ պատասխանատու: Ինչպիսի՞ դժվարությունների ես բախվել այս տարիների ընթացքում:
- Կարծում եմ՝ չկա մի մասնագիտություն, որն իր մեջ դժվարություններ չպարունակի։ Շատ կարևոր է, որ մարդ սիրի և անմնացորդ նվիրվի ընտրած մասնագիտությանը։
- Ուսանողական տարիներ․ ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:
- Շատ հագեցած ու հետաքրքիր են անցել ուսանողական տարիները: Կարծում եմ, որ Կրթահամալիրն այն եզակի բուհերից է , որ կարողանում է բազմակողմանի լցնել ուսանողի կյանքը:
- Կրթահամալիրը քեզ համար նաև ճակատագրական նշանակություն ունեցավ․ այստեղ հանդիպեցիր քո կյանքի ընկերոջը։ Դե պատմի՛ր։
- Այո՛, ամուսնուս հետ համակուրսեցիներ էինք: Մեր հարաբերություններն ակադեմիայում մի տեսակ ֆիլմ են հիշեցնում, որտեղ աղջիկը դժվար իրադրությունում էր հայտնվել, իսկ տղան, առանց մեկ վայրկյան վարանելու, փրկեց նրան: Ու մինչ օրս անփոխարինելի է այն ուժն ու ինքնավստահությունը, որն իրենից եմ ստանում:
- Ոստիկանական համակարգն ուժային կառույց է, կինն էլ նուրբ էակ է։ Այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:
- Ցավոք, շրջապատում բոլորը չէ, որ ընդունում են կին ոստիկանի։ Ինքս փորձում եմ բարձր պահել կին ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը։
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ոստիկան դառնալ։
- Խորհուրդս է, որ լրջագույնս վերաբերվեն այս չափազանց կարևոր և պատասխանատու մասնագիտությանը: Պատրաստ լինեն արժանապատիվ հաղթահարելու բոլոր դժվարությունները և հպարտությամբ կրեն ոստիկանի ուսադիրները: Բայց ամենամեծ չափաբաժինը, իհարկե, տղայինս է․ ծանր աշխատանքից հոգնած՝ գրկում եմ և ամեն ինչ մոռանում:
Պատասխանում ենք կարճ և արագ
- Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
- Համբերատար, ներողամիտ, նպատակասլաց:
- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
- Ինչպես տեղավորվել ժամանակի մեջ։
- Օրն սկսում ես ժամը…
Օրս սկսվում է առավոտյան ժամը 06:00 –-ին։
- Խորհուրդ, որը կտայիր։
- Եթե անիրագործելի երազանք ունեք, պետք է ամեն դեպքում փորձել իրականացնել:
- Իսկ վերջում․․
- Իսկ վերջում կցանկանամ, որ բոլորս խաղաղ երկնքի տակ շարունակենք ծառայել օրենքին և հասարակությանը:
Հարցազրույցը վարեց ոստիկանության
կապիտան Մարիետա Խերանյանը