ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նոր նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2֊րդ կուրսի սովորող Մարինե Բաղդասարյանի հետ։
Գնացինք․․․․
- ինչպիսի՞ ն էր փոքրիկ Մարինեն:
Չարաճճի, ակտիվ մի աղջնակ, ով լարված էր պահում ընտանիքի անդամներին։
- Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից:
Մինչ երեկո տեղի ունեցող բակային խաղերը, կոնֆետի թղթերով կազմակերպվող ճամբարային միջոցառումները, որոնք ուղեկցվում էին տարատեսակ երգերով և պարերով։
- Կպատմե՞ս դպրոցական տարիներից:
Դպրոցական տարիներն ամենաանհոգ և երջանիկ շրջանն է եղել ինձ համար, և ամեն անգամ դրանք հիշելիս դրական լիցքեր են արթնանում, սակայն ինչպես յուրաքանչյուր երեխա, ես նույնպես երազել եմ շուտ մեծանալու և դպրոցն ավարտելու մասին։ Դպրոցական պատմություններից վառ են մնացել այն դրվագները, երբ դասընկերներով հավաքվում էինք, քննարկում մեր ապագա նպատակները ցանկությունները, յուրաքանչյուրիս երազած մասնագիտությունը։
- Վատ գրքերը կարող են այնպես փչացնել մեզ, ինչպես վատ ընկերները։
Ի՞նչ եք կարծում, կա՞ն վատ գրքեր։
Չկան վատ գրքեր, ուղղակի յուրաքանչյուր ընթերցող գրքից ստանում է այն, ինչ ակնկալում է ստանալ: Չկան նաև վատ ընկերներ, քանզի ինչպես հայտնի ասացվածքն է . «Մեկը չի՛ կարող լավ լինել բոլորի համար և բոլորը՝ մեկի»։
- Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել:
Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը։
Կարդացած գրքերը շատ են, սակայն տպավորիչ էր Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» դասական ստեղծագործությունը, որը Մեծ Բրիտանիայի հայտնի սիրավեպերից է։
- Խոսենք նախասիրություններից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից:
Սիրածս նախասիրություններից է ֆուտբոլը, որը, իմ կարծիքով, նպատակին հասնելու անկոտրում պայքար է, իսկ սիրածս ֆուտբոլային թիմը «Ռեալ Մադրիդն» է։
Մյուս նախասիրությունս շրջագայությունն է և պատմամշակութային արժեքներին ծանոթանալը:
- Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ այս շրջանում:
Երազանքն աբստրակտ հասկացություն է: Յուրաքանչյուր անձ ունի իր առջև դրված նպատակները և դրանց հասնելու ուղիները: Եթե դրսևորում ես անկոտրում կամք և համառություն, այն քեզ տանում է դեպի երազանքների իրագործում։
- Ոստիկանական համակարգն ուժային կառույց է: Կին, ոստիկան․ այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:
Ոստիկանական համակարգը, ուժային կառույց լինելով, դժվարություն է հարուցում իգական սեռի ներկայացուցիչների համար այնքանով, որ բարդ է, պատասխանատու, առկա է ընտանեկան կյանքի և ծառայողական գործունեության իրականացման համատեղություն՝ չնայած նրան, որ կին ոստիկանների ներկայությունը համակարգում նպաստում է հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանը։
- Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
Ընդհանուր առմամբ սա իմ նախնական մասնագիտությունը չէ. ես սկզբում ավարտել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով «ՆԶՊ և ֆիզիկական դաստիարակության» մանկավարժի մագիստրոսի որակավորում: Հանցագործությունների աճը, հասարակության պաշտպանվածության խնդիրն առաջնային համարելով՝ որոշեցի ընտրել ոստիկանությունը և իմ փոքրիկ ներդրումն ունենալ հանցավորության դեմ պայքարի ոլորտում։
- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է կրթահամալիրում ուսանողական կյանքը:
Հաշվի առնելով իմ հիմնական մասնագիտությունը և զուգահեռներ անցկացնելով ուսանողական տարիների միջև՝ հանգում եմ այն եզրակացության, որ Կրթահամալիրում գերակշռում է ծառայողական կյանքը, որը հիմնված է շարային կանոնադրության և կարգուկանոնի պահպանման վրա։
- Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։
Իմ կարծիքով, Կրթակամալիրի սովորողը պետք է ունենա բարձր պատասխանատվություն և կատարողականություն, ծառայողական խնդիրներն անվերապահորեն կատարելու սահմանված կամք ու կարողություն։
- Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:
Շարժառիթները շատ են, սակայն առանձնացնում և կարևորում եմ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի գերակայության պահպանումը, որի համար պատրաստ եմ ուժերիս ներածին չափով նպաստելու այդ կարևորագույն քնդրի իրագործմանը:
- Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:
Ես երկար եմ մտածել իմ մասնագիտության ընտրության հարցում, և որոշումս անբեկանելի է:
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։
Չցանկանալով համակարգում տեսնել չկողմնորոշված անձանց՝ խորհուրդ կտայի մինչև ընդունվելը լավ մտածել, հոգեբանորեն պատրաստ լինել պատասխանատու, բարդ գործընթացին ինտեգրվելուն, որպեսզի հասարակությունն ունենա որակյալ ծառայություն մատուցող կադրեր։
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:
Մանկության տարիների արկածները։
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ
- Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
Ակտիվ, անկոտրում, նպատակասլաց։
- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
Ինչպիսի իրադարձություններ են սպասվում ինձ։
- Օրն սկսում ես ժամը…
Օրն սկսվում է 7.30։
- Սիրածդ աֆորիզմը:
Երբեք մի՛ ասա երբեք։
- Սիրելի զբաղմունքդ:
Ֆուտբոլ խաղալ։
- Խորհուրդ, որը կտայիր։
Մինչ ուրիշի կյանքին խառնվելը և հետևություններ անելը պետք է յուրաքանչյուրն սկսի իր անձից։
- Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
Նման հարցազրույցները շատ լինեն, և հարցազրույցի մասնակցեն այնպիսի սովորողներ, ովքեր պատկերացնում են ոստիկանության ծառայողի պատասխանատվույունն ու դժվարությունները, պատրաստ են անմնացորդ նվիրումով ծառայելու հարազատ ժողովրդին ու հայրենիքին:
Հարցազրույցը վարեց ոստիկանության ավագ լեյտենանտ
Մարիետա Խերանյանը