Պատվաբեր և պատասխանատու
‹‹Կրթահամալիրի սովորողները» խորագրով նոր նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 1-ին կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Նաիրի Զիլաբյանի հետ։
Գնացինք․․․․
- Խոսենք Նաիրիից․․․ Որպես խորագիր երեք նախադասությամբ պատմի´ր քո մասին։
Սիրում եմ հայրենիքս, ծննդավայրս, ընկերասեր եմ և հավատարիմ։ Փորձում եմ լինել առավելագույնս իրատես, ճշտապահ և աշխատասեր։ Մարդկանց մեջ գնահատում եմ բարությունը, անկեղծությունն ու նպատակասլացությունը, տանել չեմ կարողանում սուտն ու դավաճանությունը։
- Նաիրի․ մաքուր հայկական արմատներ ունեցող անուն․ ի՞նչ է հայրենիքը քեզ համար։
Ինձ համար հայրենիքն այն անգինն ու արժեքավորն է, ինչը պահպանելու համար ես ապրում եմ և ինչը պաշտպանելու համար կտայի կյանքս...
-Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից:
Առանձին դրվագներ դժվարանում եմ մտաբերել, բայց կարող եմ ասել, որ ակտիվ ու հետաքրքրասեր երեխա էի, միշտ ձգտում էի բացահայտել ու սովորել նորը։
-Իսկ որո՞նք էին մանկությանդ տարիների խաղերը:
Մանկությանս խաղերը բազմաթիվ և բազմազան էին, լի աշխուժությամբ ու չարաճճիություններով՝ բացառությամբ «շախմատային դիմակայությունները», որ միշտ ընթանում էր պապիկիս՝ իմ անհաղթելի մրցակցի դեմ։
-Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները:
Դպրոցական տարիները բավականին հետաքրքիր և բացահայտումներով լի էին։ Ունեցել եմ գերազանց առաջադիմություն, ակտիվ մասնակցել եմ դպրոցում կազմակերպվող միջոցառումներին ու մրցույթներին։
-Գիրք․ ո՞ր գիրքն է, որ երկրորդ անգամ կընթերցես։
Գիրքը մի չբացահայտված աշխարհ է, որն օգնում է քեզ բացահայտել աշխարհը... Ինձ համար չգերազանցված է Գ.Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը ոչ թե երկրորդ անգամ, այլ միշտ կընթերցեի։
-Խոսենք նախասիրություններից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից։
Նախասիրություններից կառանձնացնեմ ընթերցանությունը, սպորտով զբաղվելը, ճանապարհորդելը, պատմություն և հոգեբանություն ուսումնասիրելը։ Իսկ իրականությունից ես կտրվում եմ ընթերցանության շնորհիվ։
-Ինչի՞ մասին էիր երազում պատանեկության տարիներին:
Երազանքներս բազմաթիվ էին, սակայն միշտ ձգտել եմ լինել ծնողներիս համար արժանի զավակ, հայրենիքիս՝ պիտանի մարդ և կլինեմ այդպիսին...
-Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
Ունեմ նպատակներ, որն իրականացնելու համար հենց այս մասնագիտությունն անհրաժեշտություն է։
- Իրավաբանություն․ երեք բառով նկարագրի՛ր՝ ինչ է քեզ համար այն։
Անաչառություն, պատասխանատվություն, մարդասիրություն։
- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական
կյանքը:
Չնայած իր դժվարություններին՝ ուսանողական կյանքը բավականին հետաքրքիր է ու շատ պատասխանատու, քանի որ Կրթահամալիրը տալիս է ձևավորվելու և ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ։
- Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունդ, ի՞նչ կընտրեիր:
Որպես երկրորդ մասնագիտություն՝ ես կընտրեի հոգեբանի մասնագիտությունը։
-Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։
Խորհուրդ կտամ բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց ընտրությանը, ջանք ու եռանդ չխնայել ավելին սովորելու և պատրաստ լինել մասնագիտությունից բխող բարդություններին։
- Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։
Ինքնակատարելագործման ձգտումը...
-Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:
Մարդկային արժեքներ և կարողություններ...
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ։
-Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
Շնորհակալ եմ, Տե՛ր, բարի առավոտվա համար, թող օրս ևս լինի բարի։
- Օրդ սկսում ես ժամը…
Ժամը 8։00։
- Սիրածդ աֆորիզմը:
Նայի՛ր առաջ, գործի՛ր և նպատակդ դարձրու՛ իրականություն...
- Սիրելի զբաղմունքդ:
Ընթերցանությունը։
- Արձա՞կ, թե՞ չափածո։
Արձակ։
- Խորհուրդ, որը կտայիր։
Ապրել գիտակցաբար...
- Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
Գնահատի՛ր այն, ինչ ունես, և կլինես գնահատված...
Հարցազրույցը վարեց ոստիկանության
կապիտան Մարիետա Խերանյանը