Վերադառնալ
05.11.2021

ՀԱՄԱՌ, ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ, ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ

ՀԱՄԱՌ, ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ, ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նոր նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ոստիկանության  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Արևիկ Հարությունյանի հետ։

Գնացինք․․․․

-       Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ն էր այն, ո՞ վ էր քո հերոսը:
Մանկությունս բավականին տպավորված է հիշողությանս մեջ։ Շատ ակտիվ, աշխույժ, չարաճճի և, միաժամանակ, նեղացկոտ երեխա եմ եղել։

Կդժվարանամ նշել կոնկրետ հերոսի, բայց ինչպես ցանկացած հետաքրքրասեր երեխա, ես նույնպես տարված եմ եղել տարբեր հեքիաթներով, հրաշագործություններով, առեղծվածային կերպարներով, որոնց փորձել եմ նմանվել։

-       Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները:  Կպատմե՞ս այդ տարիներից:
Դպրոցական տարիները նույնպես շատ հետաքրքրի են անցել՝ լի բազում արկածներով։ Երբեք չեմ տրտնջացել և յուրաքանչյուր օր  մեծ սիրով եմ դպրոց հաճախել։ Ունեցել եմ գերազանց առաջադիմություն, հաճախել եմ տարբեր խմբակների, բայց դա ինձ չի խանգարել տարատեսակ չարաճճիություններ անել՝ շատախոսել, վիճաբանել, դասերից փախչել։

-       Գիրք ո՞ր գիրքն է, որ երկրորդ անգամ կընթերցես։    
Առհասարակ գրքեր կարդալ շատ եմ սիրում։ Վերջերս ընթերցել եմ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» գիրքը, որից բավականաչափ տպավորված եմ։ Կարծում եմ՝ մեծ հաճույքով ևս մեկ անգամ կվերընթերցեի։

-       Խոսենք նախասիրություններից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից:

Նախասիրություններ շատ ունեմ, հատկապես՝ ընթերցանությունը, նկարելը (որն այդքան էլ չի ստացվում), դաշնամուր նվագելը, ֆիլմեր դիտելը․․․
Կարծում եմ՝ այն, ինչ ինձ ստիպում է կտրվել իրական կյանքից, ընթերցանությունն է։

-       Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:
Ոստիկան դառնալու իմ շարժառիթը հայրենիքիս արժանապատիվ ծառայելու, արդարության ու հավասարության հասնելու ձգտումն է, որի իրագործմանն ինձ կարող է օգնել հենց այս մասնագիտությունը։

-       Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունդ, ի՞նչ կընտրեիր:
Կարծում եմ՝ կա՛մ դաշնակահարուհի կդառնայի, կա՛մ բժշկուհի, բայց, իհարկե, ընտրեցի այն մասնագիտությունը, որն ինձ ավելի հոգեհարազատ է։

-       Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:
Արվեստ, բնություն, ինքնաճանաչողություն, հոգեբանություն, որոնց մասին կարող եմ ժամերով խոսել։

-  Ինչի՞ մասին էիր երազում պատանեկության տարիներին:
        Իմ նպատակներով ու երազանքներով ձգտել եմ լինել այնպիսի անձնավորություն, որով առաջին հերթին կհպարտանան ծնողներս, և կարծում եմ՝ ես դրա ճանապարհին եմ։

-       Շարժառիթ ո՞րն է կյանքի շարժառիթը քեզ համար։
Կյանքի շարժառիթն ինձ համար ինքս ինձ յուրովի բացահայտելն է, սեփական թերություններս հայտնաբերելն ու դրանց վերացման ուղիները գտնելն է։

-       Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։
Որպես ապագա ոստիկան՝ Կրթահամալիրի սովորողը պետք է լինի կարգապահ, պատասխանատու, անձնուրաց, պատրաստակամ, հավասարակշռված, համբերատար և ունենա համապատասխան գիտելիքների մեծ պաշար։

-       Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։
        Խորհուրդ կտամ՝ ընտրություն կատարելուց բավականին երկար մտածեն, քանի որ կրթահամալիրում սովորելը շատ բարդ ու պատասխանատու գործընթաց է ենթադրում, բայց միաժամանակ հետաքրքիր և յուրահատուկ։ Կրթահամալիրը խիստ տարբերվում է մյուս ուսումնական հաստատություններից, և ընտրելով ոստիկանի մասնագիտությունը՝ պետք է պատրաստ լինել բազում փորձությունների։

– Դուք կին ոստիկան եք և…

Ես կին ոստիկան եմ և ձգտում եմ, կին լինելով հանդերձ, համապատասխանել մասնագիտությանս և նպաստել հասարակության մեջ գոյություն ունեցող արատավոր երևույթների վերացմանը։

-Եթե ոչ ոստիկան, ապա՞…

Դաշնակահարուհի։

.– Սիրած գիրքը:

Սիրածս գրքերի շարքում կառանձնացնեմ Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» գիրքը, որը մարդկային իրական զգացմունքների մասին է և նրա մասին, որ յուրաքանչյուր պարագայում կյանքը շարունակվում է։

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ

-       Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
Համառ, հետաքրքրասեր, նպատակասլաց։

-       Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
Ինչպես կանցնի օրս, և ինչեր կհասցնեմ սովորել։

-       Օրն սկսում ես ժամը…
Օրս սկսում եմ 6։30-ին։

-       Սիրածդ աֆորիզմը:
Միշտ արա՛ այն, ինչ վախենում ես անել։

-       Սիրելի զբաղմունքդ:
Ընթերցանություն։

-       Խորհուրդ, որը կտայիր։
Ունեցի՛ր թեկուզ փոքր խելք, բայց՝ քոնը։

-       Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
      Գնահատի՛ր քեզ, քո բառը, քո մտքերը։

 

 

Հարցազրույցը վարեց ոստիկանության

 ավագ լեյտենանտ Մարիետա Խերանյանը