Նորություններ
ՎերադառնալՆոր բարձունքներ նվաճելու ճանապարհին
2018 օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մշտական անձնակազմի մասնակցությամբ կայացավ նոր ուսումնական տարվա անդրանիկ խորհրդակցությունը:
Բացման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ով անձնակազմին ներկայացրեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի անցած ծառայողական ուղին:
Այնուհետև ելույթ ունեցավ Մ. Բաբայանը, ով, ողջունելով ներկաներին, ներկայացրեց կրթահամալիրի զարգացման իր տեսլականը և դրա իրականացման ուղիներն ու անհրաժեշտ գործընթացները: Իր ելույթում կրթահամալիրի պետը մասնավորապես նշեց.
- Ես եկել եմ պահպանելու դրական ձեռքբերումները, վերացնելու թերությունները և նոր շունչ, նոր որակ տալու և ստանալու կրթահամալիրից: Ինձ համար թանկ են բոլոր նրանք, ովքեր նվիրված կծառայեն կրթահամալիրին, ոստիկանությանը և հայրենիքին, ովքեր հավատարիմ կլինեն ոչ թե ինձ կամ որևէ այլ անձի, այլ այն պատվաբեր մասնագիտությանը, որն ընտրել են, որի կրողն են:
Կրթահամալիրի կոչումը ոստիկանության համակարգին բարձրորակ կադրերով ապահովելն է: Որակյալ կադրը պետք է բավարարի հետևյալ 4 չափանիշներին՝
- լինի անկաշառ և անաչառ,
- արդարամիտ,
- հայրենասեր,
- գրագետ և պրոֆեսիոնալ:
Նշված հատկանիշներով կադրեր պատրաստելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու՝ հետևյալ համարժեք ուղղություններով արդյունքներ գրանցելու համար.
- կոռուպցիայի, կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի ի սպառ բացառում,
- արդարամտության սերմանում սեփական օրինակով,
- հայրենասիրության դաստիարակում սեփական օրինակով,
- մասնագիտական կարողություների անդադար կատարելագործում անմնացորդ նվիրումի հիմքի վրա:
Պետք է լավ գիտակցել, որ եթե խնդիր ենք դնում պատրաստել ոստիկանության անկաշառ կադրեր, ապա կոռուպցիայի դեմ ատելությունը նրանց մեջ պետք է սերմանենք հենց կրթահամալիր մտնելու առաջին օրվանից:
Բացի հանրապետությունում կիրառվող համընդհանուր նախազգուշական, կանխիչ և պատժողական մեխանիզմներից, կրթահամալիրում նախաձեռնվելու և կիրառվելու են տեղայնացված կոնկրետ միջոցառումներ:
Արդարամիտ ոստիկաններ կրթելու համար հենց այսօրվանից մեր օրինակով պետք է ցույց տանք արդար վարվելու, արդար գնահատելու, արդար գործելու անհրաժեշտությունը: Մենք հոգեբանորեն կփչացնենք ապագա ոստիկանին, եթե ինքն անձամբ կրթահամալիրում բախվի անարդարության կամ ականատես լինի նման իրավիճակների:
Անվիճելի է, որ ամենաարդար, ամենաանկաշառ և պրոֆեսիոնալ ոստիկանի, շրջանավարտի պարագայում կրթահամալիրի կատարած աշխատանքները և շրջանավարտի որակները պետք է գնահատել զրո, եթե ոստիկանը հայրենասեր չէ: Մենք մեր երեխաների մեջ ոչ թե սերմանելու ենք հայրենասիրություն, այլ օգնելու ենք, որպեսզի իրենք ճանաչեն իրենց, իսկ որ բոլորիս մեջ գենետիկորեն հայրենասեր հայն է վառվում, փաստ է: Մեր յուրաքանչյուր քայլով պետք է ամրապնդենք սերը հայրենիքի, ընտանիքի, ծնողի, երեխայի, ինչպես նաև վերջին ամիսներին հասարակության ձեռքբերումների, ազատ խոսքի, ժողովրդի իշխանության նկատմամբ:
Որակյալ կրթությունն ապահովելու նպատակով խնդրում և պահանջում եմ թարմացնել դասախոսությունները, առարկայական ծրագրերը և ամեն օր աշխատել մասնագիտական գիտելիքների խորացման և պրակտիկ փորձի ուսումնասիրության վրա: Մտադիր եմ ուսումնական գործընթացին առավելագույնս ներգրավել փորձառու և պրակտիկ աշխատողներին, ինքս էլ պատրաստ եմ կիսվել իմ փորձով:
Մենք հայտարարում ենք ուսումնական և գիտական աշխատանքները որպես կրթահամալիրի առաջնահերթություններ: Կրթահամալիրի շարժիչ ուժը դառնալու է դասախոսական, ուսումնական, գիտամեթոդական անձնակազմը: Սա նաև նոր մարտահրավեր է դասախոսական կազմի համար, նոր պատասխանավություն է, քանի որ այսուհետ պահանջելու ենք առավել որակյալ ուսումնագիտական գործընթաց, ավելի բարձր գիտելիքներ, չենք հանդուրժելու որևէ տեսակի ալարկոտություն և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում:
Կրթահամալիրում իրավիճակի տերը դառնալու են կրթությունն ու գիտությունը զարգացնողները:
Հաջորդիվ ելույթ ունեցան կրթահամալիրի պետի տեղակալները և ուսումնական ստորաբաժանումների պետերը, ովքեր իրենց ելույթներում ներկայացրին առաջարկություններ՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով սպայական հերթական կոչում ստացած կրթահամալիրի ծառայողներին հանձնեց նոր ուսադիրներ, ինչպես նաև ոստիկանությունում երկարամյա ծառայության համար երրորդ աստիճանի մեդալ: