Նորություններ
ՎերադառնալԿլոր սեղան-քննարկում կրթահամալիրում
2019 թվականի մարտի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով, որը կազմակերպել էր ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը, ֆակուլտետների և ամբիոնների պետերը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրատուրայի առկա ուսուցման սովորողները:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը և, անդրադառնալով միջոցառման թեմային, ընդգծեց «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կարևորությունը և ընտրված թեմայի արդիականությունը:
Զեկուցեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը՝ ներկայացնելով ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և համերաշխության վերականգնման մասին 2017թ. ՀՀ օրենքի և ընտանիքում բռնության դեմ պայքարի գործընթացում ոստիկանության դերի կարևորությունը:
Այնուհետև ՀՀ-ում բռնության ենթարկված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները ներկայացրին Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական բաժնի աշխատակից Ռիմա Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական իննովացիաների բաժնի պետ Արմինե Մխիթարյանը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սահակյանն իր ելույթում անդրադարձավ բռնություն գործադրած անչափահասների հետ տարվող աշխատանքերի առանձնահատկություններին:
Բանախոսների ելույթների ընթացքում ծավալվում էին ակտիվ քննարկումներ:
Կլոր սեղանն ամփոփեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը՝ նշելով, որ այս թեման այնքան ընդգրկուն է, որ թեման լիարժեքորեն բացահայտելու համար մեկ հանդիպումը բավարար չէ, և դրա վերաբերյալ հանդիպումները պետք է լինեն շարունակական: